Փաշինյանին թույլ կտա՞ն «պարտվել» ՀՀ-ում ընտրություններից առաջ

Դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք Եվրասիական տնտեսական միության, ՀԱՊԿ և ԱՊՀ գագաթաժողովներին ընդառաջ եվրասիական տարածաշրջանի հիմնական ինտրիգի` ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածության շուրջ կրքերը չեն հանդարտվում: Թե՛ հայ, թե՛ ռուս, թե՛ բելառուս քաղաքագետներն իրենց տեսություններն են առաջարկում խնդրի հանգուցալուծման սցենարների վերաբերյալ:

Շրջանառվող հիմնական սցենարները երեքն են՝ կամ Հայաստանի ներկայացուցիչը, ըստ իր քվոտայով սահմանված իրավունքի, շարունակելու է պահպանել պաշտոնը՝ պաշտոնավարելով մինչև 2020 թվականի հունվար, որն ամենաքիչ կանխատեսվող տարբերակներից մեկն է, կամ այս պաշտոնն անցնում է Բելառուսին՝ կազմակերպությունում նախագահության ռոտացիոն փոխանցման սկզբունքով, որը ևս քիչ հավանական թվացող սցենար է Բելառուս-Ադրբեջան զենքի նոր խմբաքանակների առաքման շուրջ վերջին օրերին տեղի ունեցած համաձայնության վերաբերյալ Հայաստանի կոշտ դիրքորոշման պատճառով, և երրորդ՝ ներկայումս գլխավոր քարտուղարի պարտականություններն իրականացնող Վալերի Սեմերիկովի կողմից այդ պաշտոնի ստանձնումն է մինչև Հայաստանի նախագահության ավարտը:

Փակուղային իրավիճակ և լուրջ խնդիրներ ՀԱՊԿում

Ուշագրավն այն է, որ գլխավոր քարտուղարի թեկնածության շուրջ Հայաստան-Բելառուս-Ղազախստան բանավեճն է՛լ ավելի փակուղային փուլ մտավ բելառուսական ռազմական տեխնիկայի հերթական խմբաքանակի առաքման մասին Մինսկի և Բաքվի պայմանագրից հետո` ջրի երես հանելով ՀԱՊԿ գոտում առկա շատ ավելի խորքային և վտանգավոր խնդիրներ, քան կոնսենսուսի բացակայությունը ՀԱՊԿ-ում ղեկավար պաշտոնի թեկնածության շուրջ:

Ինչպես հայտնի է, ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն իր պաշտոնավարման հենց սկզբից հանդիպումներ ունենալով իր եվրասիական գործընկերների հետ՝ խոսել էր ՀԱՊԿ-ում երկրների պարտավորությունների հստակեցման և վերանայման անհրաժեշտության մասին՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ անվտանգության միևնույն կառույցին անդամակցող երկրները չպետք է վտանգի տակ դնեն միմյանց շահերը, առավել ևս՝ անվտանգությունը՝ կազմակերպության անդամ երկրներից մեկի հակառակորդին սպառազինություն վաճառելով, որն օգտագործվում է հենց ՀԱՊԿ անդամ երկրի դեմ, ինչն այս կառույցում պետք դիտարկվի՝ որպես ագրեսիա ողջ ՀԱՊԿ-ի դեմ: Սպառազինության վաճառքի վերջին գործարքը Ն. Փաշինյանը կրկին որակեց՝ որպես Հայաստանի շահերի դեմ ուղղված գործարք:

Նա նշեց, որ Հայաստանն իր դաշնակցային պարտավորությունները լիարժեք կատարում է, ինչը, Փաշինյանի խոսքով, ցավոք, չի կարող պնդել մի շարք այլ գործընկերների պարագայում։ «Մեր խնդիրը շատ հստակ է՝ ունենալ այս հստակեցումները և նոր բովանդակություն հաղորդել ՀԱՊԿ-ին՝ փոխադարձ հարաբերությունները և պարտավորությունները ճշտելու, և փոխադարձաբար կանխատեսել քաղաքականությունը»,- ասել է նա։

Նշենք նաև, որ ռուս-ադրբեջանական զենքի գործարքների անթույլատրելիությանը բազմիցս անդրադարձել էին ՀՀ նախկին իշխանությունները` ի դեմս ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և ՀՀ ԱԳ նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանի: Եվ չնայած հայկական կողմի դիրքորոշմանը, զենքի գործարքները շարունակվել են, ավելին՝ Ադրբեջանին սպառազինություն է սկսել վաճառել նաև Բելառուսը, ինչը հակասում է ՀԱՊԿ շրջանակում ստանձնած պարտավորություններին:

Փաշինյանն ու Լուկաշենկոն կպայքարեն մինչև վերջ

«168 Ժամի» հետ զրույցում ՀԱՊԿ-ում առկա խնդիրներին անդրադարձավ ռուս ընդդիմադիր գործիչ Վլադիմիր Ռիժկովը: Նա նշեց, որ Հայաստանի թեկնածության շուրջ ստեղծված իրավիճակը պարզապես մեկ աշխատանքային դրվագ է:

Նրա որակմամբ, շատուշատ ավելի կայացած կազմակերպություններում ծավալվում են թեժ քննարկումներ նման պաշտոնների շուրջ: «Սա ինչ-որ տեղ կարելի է որակել՝ որպես աշխատանքային բանավեճ ու քննարկումներ: Իսկ եթե հիշենք, թե ինչպես ծագեց այս խնդիրը, ապա գուցե բնականոն որակենք, քանի որ ՀՀ նոր իշխանությունները պատրաստ չէին գլխավոր քարտուղարի թեկնածուին փոխելու մինչ իրենց ներկայացուցչի նկատմամբ որևէ գործողություն նախաձեռնելը: Կարելի է դիտարկել, որ դրանով ավարտվել է Հայաստանի նախագահությունը: Բայց սա դեռ քննարկման թեմա է լինելու: Իմ համոզմամբ, այս քննարկումները որևէ կապ չունեն կառույցի կայացածության ու նշանակության հետ, նման քննարկումներ լինում են բոլոր կազմակերպություններում:

Բայց սրանից բացի, այն խնդիրները, որոնք բարձրացնում է հայկական կողմը, մատնացույց է անում այն հանգամանքը, որ եվրասիական ինտեգրացիոն կառույցներում չկա արժեքային համակարգ, չեն գործում այդ կազմակերպությունների կանոնադրությունները, համապատասխան կարգավորումները, քանի որ այս երկրներին ինտեգրացիոն տարատեսակ կառույցներում միավորողը միայն Ռուսաստանն է` Պուտինը և այն պրեֆերենցիաները, որոնք այս երկրները ստանում են այդ համագործակցությունից: Եվ սա է գլխավոր խնդիրը, որից բխում են մնացած բոլոր խնդիրներն ու գուցե ճգնաժամերը, ինչպես կուզենք՝ այն կարող ենք անվանել, բայց տեսնում ենք, որ այս կառույցների աշխատանքն ուղեկցվում է նման բանավեճերով, որոնք հաճախ հասնում են կոնֆլիկտի:

Նույնիսկ համատեղ շահերի, արժեքային համակարգի առկայության դեպքում նման միություններին տասնյակ տարիներ են հարկավոր կայանալու և քաղաքակիրթ ճանապարհով խնդիրներ լուծելու համար: Ուստի վստահ չեմ, որ կարելի է կառուցողական արդյունք ակնկալել այն քննարկումներից, որոնք գուցե ծավալվեն ՀԱՊԿ անդամ երկրների պարտավորությունների հստակեցման հարցում: Տեսեք, թե այս տեխնիկական պաշտոնի համար ինչպիսի պայքար է ծավալվել այն դեպքում, երբ որոշումները ՀԱՊԿ-ում կայացնում են նախագահները՝ անկախ այն հանգամանքից, թե որ երկրի ներկայացուցիչն է գլխավոր քարտուղարը, և ինչպիսի կարծիք ունի այս կամ այն հարցի շուրջ: Ուստի շատ ավելի լուրջ քննարկումների ներկայումս ՀԱՊԿ նախագահները պատրաստ չեն»,- ասաց Ռիժկովը:

Ռուս քաղաքական գործչի խոսքով, և՛ Փաշինյանի, և՛ Լուկաշենկոյի համար այս հարցը վերածվել է սկզբունքային հարցի: Նրա համոզմամբ, երկու կողմն էլ մինչև վերջ պայքարելու են պաշտոնի համար, քանի որ հասել են այն փուլին, երբ հետընթացը լուրջ զիջում և թուլության նշան կդիտարկվի, որն անթույլատրելի է թե՛ Լուկաշենկոյի նման քաղաքական գործչի համար, թե՛ հեղափոխությամբ իշխանության եկած և այլ որակի արտաքին քաղաքականություն խոստացող Փաշինյանի համար: «Բնական է, որ դեկտեմբերի 6-ին` սպասվող խորհրդարանական ընտրությունների շեմին, Փաշինյանը կցանկանար Սանկտ Պետերբուրգում հասնել գլխավոր քարտուղարի պաշտոնին, որը հավելյալ դիվիդենտներ կհաղորդեր իր քաղաքական թիմի վարկանիշին: Իսկ հակառակ զարգացումն այսքան վստահեցումներից հետո, թե այդ պաշտոնը պետք է ՀՀ-ինը լինի, լուրջ բացասական ուշադրության է արժանանալու Հայաստանում»,- նկատեց Ռիժկովը:

Ե՛վ Հայաստանին, և՛ Բելառուսին ժամանակավորապես բավարարող լուծում

Գերմանացի քաղաքագետ Ալեքսանդր Ռարի կարծիքով ևս, ընտրությունների շեմին արտաքին քաղաքական նման մեծ հնչեղություն ձեռք բերած խնդրի շուրջ հայկական կողմի «պարտությունն» անցանկալի է ՀՀ իշխանությունների համար:

«Ես ակնկալում եմ դեկտեմբերի 6-ին կա՛մ հարցի հետաձգում, կա՛մ Վալերի Սեմերիկովի թեկնածության շուրջ կոնսենսուս, քանի որ հայկական կողմի պահանջի շուրջ կոնսենսուսի բացակայությունն այս փուլում խնդիր է դիտարկվելու Հայաստանի կողմից և խնդիր է դառնալու ՀՀ իշխանությունների համար, որոնց հետ ՀԱՊԿ անդամ երկրները դեռ ամենայն հավանականությամբ պետք է աշխատեն, ուստի պետք է ձգտեն հարթել այն լարվածությունը, որն առաջացել է: Բայց Հայաստանի համար վտանգներ կան, քանի որ ՀԱՊԿ ղեկավարները դեռ ադապտացված չեն ՀՀ նոր իշխանություններին, և այս ընթացքում որոշ խնդիրներ առաջացան: Եթե Բելառուսի ներկայացուցչի թեկնածության շուրջ համաձայնություն լինի, դա լուրջ խնդիր կդառնա ՀՀ իշխանությունների համար»,- նկատեց Ալեքսանդր Ռարը:

Նրա կարծիքով՝ ՀԱՊԿ-ում առկա ավելի լուրջ թեմաները քննարկելու ժամանակ առաջիկայում չի լինի:

Տեսանյութեր

Լրահոս