«Հենց դրանով է բացատրվում այն արատավոր շրջանը, որտեղ ամեն ինչ որոշում է թիվ 1 պաշտոնյան». «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը իր խմբագրականում գրում է. «Տարիներ շարունակ Հայաստանը տուժել է անձնակենտրոն քաղաքականությունից, երբ իշխանական բուրգը եւ ողջ երկիրը կառավարվել են մեկ կենտրոնի եւ մեկ մարդու կողմից։

Երբ բոլոր՝ մանր ու մեծ հարցերի լուծման համար մարդիկ վազել են աքսակալի, ցեղի առաջնորդի, պախանի մոտ, շարադրել են իրենց խնդիրը, եւ նա՝ երկրի թիվ 1 պաշտոնյան, իր հայեցողությամբ, լուծել է հարցերը։ Բնականաբար՝ նա էլ մահկանացու է՝ իր բոլոր թերություններով ու առավելություններով, ուստի կարող է արդար վճռել, բայց կարող է նաեւ սխալվել։

Բացի այդ, նաեւ համակրանքներ ու հակակրանքներ ունի եւ այն անձը, որը հայտնվում էր համակրանքի դաշտում, ստանում էր ամեն ինչ, իսկ նա, ով առաջնորդի հակակրանքն էր վայելում, զրկվում էր ամեն ինչից։

Անցած տարիներին մի շանս կար, որ այս վիճակը կփոխվի՝ դա Սահմանադրությունը փոխելիս պառլամենտական կառավարման անցնելու շրջանն էր, երբ մեզ համոզում էին, որ մեկ անձի իշխանությունը կնվազի, եւ առաջ կմղվի հակակշռման մեխանիզմների եւ ինստիտուցիոնալ կառավարման սկզբունքը։

Սակայն կյանքը ցույց տվեց, որ անգամ Սահմանադրության փոփոխությունը մեզ չի փրկում մեկ անձի իշխանությունից։ Իսկ ընդամենը ամիսներ առաջ կատարված դեպքերից հետո ստիպված ենք արձանագրել, որ անգամ հեղափոխությունը մեզ չի ազատում մեկ անձի կառավարման կապանքներից եւ չի ձեւավորում ինստիտուտներ։ Պարզապես առաջ երկրի միանձնյա իշխանությունը Լեւոն Տեր-Պետրոսյանն էր, ապա՝ Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը, իսկ հիմա՝ Նիկոլ Փաշինյանը։

Հենց դրանով է բացատրվում այն արատավոր շրջանը, որտեղ ամեն ինչ որոշում է թիվ 1 պաշտոնյան՝ ինքն է քարոզարշավ իրականացնում, ինքն է բարեփոխումների ծրագիրն առաջ տանում, ինքն է հանդիպում գործարարների, ազատամարտիկների, սպորտսմենների, բոլորի հետ»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս