Բաժիններ՝

Chanel-ը փոխել է իր դասական սրվակը

Chanel ընկերությունն իր պատմության մեջ առաջին անգամ փոխել է իր դասական սրվակի արտաքին տեսքը, որը Գաբրիել Շանելն ինքն էր մտահղացել: Այդ մասին հաղորդվում է բրենդի՝ նոյեմբերի 19-ի մամուլի տեղեկագրում: 2018 թվականի Սուրբ Ծննդյան տոների առթիվ թողարկվել է Chanel N՛5 L’Eau արդաջրի եւ Chanel N՛5 պարֆյումերային ջրի լիմիտավորված շարքը՝ վառ կարմիր երանգավորված ապակուց պատրաստված 10-միլիլիտրանոց սրվակներով:

Նաեւ աշխարհում ընկերության մի քանի խանութներում վաճառվելու են սահմանափակ բացառիկ թողարկման բույրեր. Baccarat ֆրանսիական մանուֆակտուրայի բյուրեղապակուց պատրաստված 900 միլիլիտր ծավալով սրվակներից թողարկվել է 55 հատ, ընդ որում՝ դրանցից յուրաքանչյուրը համարակալված է:

Chanel նորաձեւության տունը Գաբրիել (Կոկո) Շանելի կողմից հիմնադրվել է Ֆրանսիայում 1909 թվականին: Առաջին խանութը նա բացել է 1910 թվականին Փարիզում: Շանելը կանանց նորաձեւության մեջ ներմուծել է իրանն ընդգրկող ժակետ, փոքրիկ սեւ զգեստ, ուսի վրա կրելու կանանց պայուսակ:

Սկզբում նորաձեւության տունն արտադրում էր միայն հագուստ եւ աքսեսուարներ, այնուհետեւ սկսել է թողարկել պարֆյումերիա, զարդեր եւ ժամացույցներ 1921 թվականին Շանելը պարֆյումեր Էռնեստ Բոյի հետ միասին թողարկել է մակնիշի առաջին բույրը՝ Chanel 5-ը:

1924 թվականին ձեռնարկատեր Պիեռ Վերտեյմերի հետ համատեղ դիզայները հիմնել է ընկերության պարֆյումերային ստորաբաժանումը՝ Parfums Chanel-ը, որը ներկայում զբաղվում է նաեւ կոսմետիկայի արտադրությամբ: Parfums Chanel-ի գովազդային արշավներին մասնակցել են կինոաստղեր Մերիլին Մոնրոն, Քեթրին Դենյովը, Կիրա Նայթլին, Նիկոլ Քիդմանը, Կարոլ Բուքեն, Օդրի Տոտուն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս