«Լարսի այլընտրանքային ճանապարհը կյանքի կոչելու դժվարությունները պայմանավորված են քաղաքական, ֆինանսական հանգամանքներով»
Տնտեսագետ Վարդան Բոստանջյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով Վերին Լարսի ճանապարհին՝ նկատեց, որ ժամանակ առ ժամանակ ՀՀ տարբեր կառավարություներ հայտարարում են, թե Լարսին այլընտրանքային ճանապարհներ են փնտրում, սակայն այդ փնտրտուքներից որևէ մեկն արդյունք չի տալիս, որովհետև կան խանգարող մի շարք հանգամանքներ։
«Վերին Լարսի այլընտրանքային ճանապարհը կյանքի կոչելու դժվարությունները պայմանավորված են մի շարք հանգամանքներով՝քաղաքական, ֆինանսական։ Այդ հարցը կախված չէ միայն Հայաստանից, պետք է հիշենք նաև, թե Հայաստանն ինչ հարևաններով է շրջապատված»,- ասաց Վ. Բոստանջյանը։
Ըստ նրա, Լարսի այլընտրանքային ճանապարհներից մեկը վրացական երկաթգիծն է, որը պահանջում է թե՛ ֆինանսներ, թե՛ դիվանագիտության բանեցում. «Այս հարցում ամեն ինչ պայմանավորված է հարցին ուղղակի և անուղղակի առնչություն ունեցող երկրներով և նրանց շահերով։ Իսկ այստեղ մենք ունենք մեծ երկրներ, որոնք ավելի մեծ են, և այդ շահերը կարող են ավելի գերակա լինել։ Այսօր Հայաստանն իր ունեցած պոտենցիալով պետք է կարողանա հավասարակշռված և զգույշ քաղաքականություն վարել, որպեսզի լեռների բախման պարագայում չհայտնվի փլատակների տակ»,- նշեց տնտեսագետը։
Զվարթ Խաչատրյան