
ԵՏՀ-ն եվրասիական ոսկերչական բրենդ ստեղծելու «ճանապարհային քարտեզի» նախագիծ է մշակել

Մինչև տարեվերջ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը մի շարք քննարկումներ կանցկացնի շուկայի մասնակիցների և ԵԱՏՄ անդամ երկրների պետական մարմինների հետ եվրասիական ոսկերչական բրենդ ստեղծելու հարցով: Այս մասին հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:
Եվրասիական ոսկերչական բրենդ ստեղծելու նախաձեռնությունը Եվրասիական տնտեսական հանձնաժողովն առաջին անգամ ներկայացրել է «Եվրասիական շաբաթ» միջազգային ֆորումի ընթացքում: Բիզնեսն աջակցել է գաղափարին և պատրաստակամություն հայտնել ակտիվ մասնակցություն ունենալ գործընթացին:
Ենթադրվում է, որ ոսկերչության ոլորտի կոոպերացիոն նախագիծը կյանքի կկոչվի պետություն-մասնավոր գործընկերության սկզբունքների հիման վրա: Պլանավորվում է ստեղծել Եվրասիական ոսկերչական բյուրո, որում ներկայացված կլինեն ԵԱՏՄ անդամ երկրների արդյունաբերության ներկայացուցիչները:
«Եվրասիական ոսկերչական բրենդի ստեղծման աշխատանքները մեկնարկել են: Եվրասիական տնտեսական հանձնաժողովը նախապատրաստել է ճանապարհային քարտեզի նախագիծ, որը կհաստատվի բիզնեսի ներկայացուցիչների և պետական մարմինների հետ աշխատանքներից հետո»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Նա հավելել է, որ ԵԱՏՄ տնտեսության ինտեգրացիոն ներուժը կյանքի կոչելը հանդիսանում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կարևորագույն խնդիրներից մեկը, իսկ դրա արդյունավետ իրականացումը մեծապես կախված է ԵԱՏՄ անդամ 5 երկրների տնտեսությունների իրական հատվածներում համատեղ նախագծերի ստեղծումից:
Եվրասիական ոսկերչական բրենդի ստեղծումը ենթադրում է որակի միասնական ստանդարտներ, բաշխման միասնական ենթակառուցվածքներ և ռազմավարություն: Նախագիծը թույլ կտա ոսկերչական արտադրանքի արտահանման ծավալները մեծացնել 8 անգամ: