 
                        Հայաստանը 4-րդից 5-րդ տեղն է տեղափոխվել համացանցից գրոհի ենթարկված օգտատերերի ամենամեծ բաժնով երկրների ցանկում
 
                                    Հայաստանում 2018թ. հուլիս-սեպտեմբերին օգտատերերի սարքերի 29,16%-ը ենթարկվել է համացանցից վնասաբեր ծրագրերով վարակման փորձերի։ Այս ցուցանիշով Հայաստանը զբաղեցրել է 5-րդ տեղն աշխարհի երկրների շարքում. այդ ցուցանիշը 2018թ. երկրորդ եռամսյակում կազմել է 29,98% (4-րդ տեղ) և առաջին եռամսյակում՝ 36,78% (7-րդ տեղ)։
Հայաստանին հարևան երկրներից քսանյակ է մտել Ադրբեջանը (8-րդ տեղ, 26,67%)։ Այս մասին են վկայում «Կասպերսկի Լաբորատորիա»-ի տվյալները, որոնք ստացվել են Kaspersky Security Network-ի (KSN) օգնությամբ։
| Երկիր | գրոհի ենթարկված օգտատերերի %-ը, 2018թ. հուլիս-սեպտեմբեր | |
| 1 | Վենեսուելա | 35,88 | 
| 2 | Ալբանիա | 32,48 | 
| 3 | Ալժիր | 32,41 | 
| 4 | Բելառուս | 31,08 | 
| 5 | Հայաստան | 29,16 | 
| 6 | Ուկրաինա | 28,67 | 
| 7 | Մոլդովա | 28,64 | 
| 8 | Ադրբեջան | 26,67 | 
| 9 | Ղրղզստան | 25,80 | 
| 10 | Սերբիա | 25,38 | 
| 11 | Մավրիտանիա | 24,89 | 
| 12 | Ինդոնեզիա | 24,68 | 
| 13 | Ռումինիա | 24,56 | 
| 14 | Քաթար | 23,99 | 
| 15 | Ղազախստան | 23.93 | 
| 16 | Ֆիլիպիններ | 23,84 | 
| 17 | Լիտվա | 23,70 | 
| 18 | Ջիբութի | 23,70 | 
| 19 | Լատվիա | 23,09 | 
| 20 | Հոնդուրաս | 22,97 | 
Միջին հաշվով, աշխարհում համացանցի օգտատերերի համակարգիչների 18,82%-ը երրորդ եռամսյակի ընթացքում ենթարկվել է Malware դասի վեբ-գրոհի, իսկ ապրիլ-հունիսին այդ ցուցանիշը կազմել է 19,59%։
«Թեև համացանցի միջոցով գրոհի ենթարկված օգտատերերի բաժինը Հայաստանում նվազել է, այդ ցուցանիշը նշանակալի մեծ է համաշխարհային միջինից։ Դա նշանակում է, որ օգտատերերը պետք է զգոնություն պահպանեն հատկապես ոչ պաշտոնական կայքերից բովանդակություն ներբեռնելիս և ուշադիր լինեն համացանցի տարբեր կայքեր այցելելիս։ Համացանցում անվտանգության պատշաճ ապահովման համար անպայման խորհուրդ է տրվում կիրառել վեբ-պաշտպանության գործառույթով հուսալի հակավիրուսային լուծում»,- նշել է կիբեռանվտանգության փորձագետ, Հայաստանում և Վրաստանում «Կասպերսկի Լաբորատորիա»-ի տարածքային ներկայացուցիչ Արմեն Կարապետյանը։
Համացանցի միջոցով վնասաբեր ծրագրերով աշխարհի տարբեր երկրների օգտատերերի համակարգիչների վարակման ռիսկի աստիճանը գնահատելու համար «Կասպերսկի Լաբորատորիա»-ն ամեն երկրում հաշվել է ընկերության պրոդուկտների այն օգտատերերի տոկոսը, որոնց մոտ հաշվետու ժամանակաշրջանում վեբ-հակավիրուսն արձանագրել է վարակման փորձ։ Ստացված տվյալները հանդիսանում են այն միջավայրի ագրեսիվության ցուցանիշ, որտեղ աշխատում են համակարգիչները տարբեր երկրներում։ Ընդ որում, հաշվի են առնվում Malware դասի վնասաբեր օբյեկտների գրոհները, և հաշվի չեն առնվում դեպքերը, երբ վեբ-հակավիրուսն արձանագրում է պոտենցիալ վտանգավոր և անցանկալի ծրագրերը, ինչպիսին են RiskTool-ը և գովազդային ծրագրերը։
«Կասպերսկի Լաբորատորիա» ընկերության Հայաստանի ներկայացուցչություն
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        