Եղիսաբեթ Երկրորդ թագուհին և արքայազն Ֆիլիպը նշում են իրենց հարսանիքի 71-րդ տարեդարձը
Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհին եւ արքայազն Ֆիլիպը նոյեմբերի 20-ին նշում են իրենց հարսանիքի տարեդարձը: Այդ մասին հայտնել է Mirror հրատարակությունը: Թագավորական զույգը համատեղ ապրում է 71 տարի. նրանք ամուսնացել են 1947 թվականի նոյեմբերի 20-ին:
Սպասվում է, որ այդ օրն ամուսինները կանցկացնեն միասին. տոնական շքեղ միջոցառումներ պլանավորված չեն: Անցյալ տարի Եղիսաբեթ Երկրորդը եւ արքայազն Ֆիլիպը նշել են իրենց պլատինե հարսանիքը: Այն ժամանակ ամուսնության 70-ամյակի կապակցությամբ Վինձորի դղյակում ոչ մեծ ընդունելություն էր կազմակերպվել 100 մարդու համար: Դրան հրավիրված էին միայն ամուսինների բարեկամներն ու ազգականները: 1997 թվականին ամուսիններն իրենց ոսկե հարսանիքը տոնել են Լոնդոնում Ուայթհոլի պալատին առընթեր Բանկետների սրահում:
Այն ժամանակ թագուհին հանդես եկավ ճառով, որում իր ամուսնուն շնորհակալություն հայտնեց «միասին անցկացրած 50 հիանալի տարիների համար»՝ նրան համարելով իր «ուժն ու հենարանը»: Ամուսինները ծանոթացել են, երբ երկուսն էլ տակավին դեռահասներ էին: Եղիսաբեթ Երկրորդն առաջին անգամ Ֆիլիպին տեսել է Մեծ Բրիտանիայի ռազմածովային ակադեմիա այցելելու ժամանակ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: