Հայտնի է տարվա ամենաբարձր վարձատրվող երգչուհին
Ամերիկացի երգչուհի Քեթի Փերրին, Forbes հանդեսի վարկածով, գլխավորել է տարվա ամենաբարձր վարձատրվող երգչուհիների վարկանիշը: Ցուցակը նոյեմբերի 19-ին հրապարակվել է հրատարակության կայքում։
Forbes-ի գնահատումների համաձայն, Փերրին 12 ամսում, որն ընդգրկում է մինչեւ ընթացիկ տարվա հունիսն ընկած ժամանակահատվածը, վաստակել է 83 մլն դոլար: Նրա եկամուտների զգալի մասը կազմել է համերգային շրջագայությունից ստացված շահույթը:
Դրա ընթացքում Փերրին ելույթ է ունեցել շուրջ 40 անգամ եւ համերգներից յուրաքանչյուրի համար ստացել մոտավորապես 1 մլն դոլար, բացի այդ, նա մոտավորապես 20 մլն դոլար է ստացել այն բանի համար, որ ընդգրկվել է «Ամերիկյան կուռք» թոք-շոուիի ժյուրիի կազմում:
Հոդվածում արձանագրվում է, որ 2015 թվականին Փերրին 12 ամսում վաստակել էր 135 մլն դոլար, նրա լուսանկարն այն ժամանակ զարդարել էր հանդեսի շապիկը: Երկրորդ տեղում հայտնվել է երգչուհի Թեյլոր Սվիֆթը, որը վաստակել է 80 մլն դոլար: Նա թողարկել է Reputation նոր ալբոմը, որից վաճառքների միայն առաջին շաբաթվա ընթացքում գնվել է շուրջ 2 մլն օրինակ: Առաջին եռյակը եզրափակում է Բեյոնսեն, որը վաստակել է 60 մլն դոլար: Նրա համար, ինչպես նշվում է նյութում, անցած 12 ամիսները հարաբերականորեն «խաղաղ» էին:
Հիմնական շահույթը բերել է ելույթների շարքը, ինչպես նաեւ Everything is Love երաժշտական ալբոմի վաճառքները որը Բեյոնսեն ձայնագրել է ամուսնու՝ ռեփեր Jay-Z-ի հետ միասին: Վարկանիշի առաջին հնգյակում տեղ են գտել նաեւ երգչուհի Pink-ը (52 մլն դոլար) եւ Lady Gaga-ն (50 մլն դոլար): Վերջինս խաղացել է «Աստղ ծնվեց» ֆիլմում: Վեցերորդ եւ յոթերորդ հորիզոնականներում հաստատվել են համապատասխանաբար փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսը (47 մլն դոլար) եւ Ռիհաննան (37,5 մլն դոլար):
Ռիհաննան, մասնավորապես, վերջին անգամ համերգային շրջագայության է մեկնել 2016 թվականին, բայց վաստակել է ներքնազգեստի գովազդով: Վարկանիշի ութերորդ տեղում գերմանացի երգչուհի Հելենա Ֆիշերն է (32 մլն դոլար), իններորդում՝ կանադացի երգչուհի Սելին Դիոնը (31 մլն դոլար) եւ տասներորդում՝ Բրիթնի Սփիրսը (30 մլն դոլար), հաղորդել է ՏԱՍՍ-ը: