Ո՞ր դեպքում Հայաստանի հավաքականը դուրս կգա Ազգերի լիգայի փլեյ-օֆֆ
Նոյեմբերի 19-ին Վադուցի «Ռեյնպարկ» մարզադաշտում կայացավ Ազգերի լիգայի D լիգայի 4-րդ խմբի վերջին տուրի Լիխտենշտեյն-Հայաստան հանդիպումը: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 2:2 հաշվով: Այսպիսով, Հայաստանի ազգային հավաքականն ավարտեց ելույթներն Ազգերի լիգայի խմբային փուլում՝զբաղեցնելով 2-րդ հորիզոնականը:
Ազգերի լիգան հերթական եթե-ների մրցաշարն էր հավաքականի համար: Ազգային հավաքականն անցկացրած 6 խաղում հստակ ցույց տվեց, որ այս խմբում հաղթելը բնավ բարդ չէր, սակայն չստացվեց, քանի որ ինչ-որ բաներ չգնացին մեր սցենարով: Մակեդոնիային և Ջիբրալթարին պարտվելուց հետո ազգային ընտրանին հաղթեց նույն Մակեդոնիային և Ջիբրալթարին՝ խոշոր հաշիվներով, և ոչ-ոքի խաղաց Լիխտենշտեյնի հետ ոչինչ չտվող խաղում:
Առաջին անգամ անցկացվող Ազգերի լիգայի մրցաշարում Հայաստանի հավաքականը կարծես թե այլևս անելիք չունի, սակայն դեռ կան փոքրիկ հնարավորություններ, որոնցից օգտվելով՝ Հայաստանի հավաքականը կարող է դուրս գալ Ազգերի լիգայի փլեյ-օֆֆ:
Ինչպես գիտենք, Ազգերի լիգայում կա 4 լիգա: Լիգա A-ում լավագույն թիմերն են, լիգա D-ում՝ ամենաթույլերը: Յուրաքանչյուր լիգա ունի 4 խումբ: Յուրաքանչյուր խմբում 3-4 թիմ կա: Խմբերի կազմը որոշվել է Ազգերի լիգայի վարկանիշով: Սա հատուկ վարկանիշ է, որը հրապարակվել է 2017 թվականի հոկտեմբերի 17-ին: Այստեղ հաշվի են առնում միայն պաշտոնական հանդիպումները, խփած և բաց թողած գնդակների համար ավելանում և պակասում են միավորներ: Խմբային փուլի հանդիպումների արդյունքում արդեն հայտնի են բոլոր թիմերը, որոնք խաղալու են փլեյ-օֆֆում:
Ազգերի լիգայի փլեյ-օֆֆը, սակայն, կկայանա 2020 թվականի մարտին: Այդ ժամանակ արդեն պարզ կլինեն 20 կամ 24 թիմերը, որոնք կխաղան Եվրոպայի առաջնությունում: 4 թիմերը կորոշվեն հենց փլեյ-օֆֆի միջոցով: Յուրաքանչյուր լիգայից փլեյ-օֆֆ են դուրս եկել 4 թիմեր, որոնք կխաղան կիսաեզրափակչում և եզրափակչում:
Փլեյ-օֆֆ են դուրս եկել յուրաքանչյուր լիգայի 4 խմբերի առաջատարները: Սակայն, եթե որակավորման փուլի արդյունքում առաջին հորիզոնականի թիմը հայտնվի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլում, ապա նրա փոխարեն հաջորդ փուլ է անցնում 2-րդ հորիզոնականը զբաղեցնող թիմը: Հետևաբար, եթե Մակեդոնիայի ազգային հավաքականը Եվրոպայի առաջնության որակավորման մրցաշարի արդյունքներով կարողանա դուրս գալ փլեյ-օֆֆ, ապա Ազգերի լիգայում Մակեդոնիայի փոխարեն կխաղա Հայաստանի հավաքականը:
Բացի այդ, եթե Ազգերի լիգայում խմբի բոլոր 4 թիմերն էլ արդեն դուրս են եկել Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ՝ որակավորման խաղերով, ապա խմբի թիմերի փոխարեն՝ փլեյ-օֆֆ է դուրս գալիս Ազգերի լիգայի վարկանիշով լավագույն հավաքականը: Հիշեցնենք, որ խփած և բաց թողած գնդակների հարաբերությամբ Հայաստանի հավաքականը բավականին լավ ցուցանիշ ունի: Ազգային ընտրանին խփել է 14 գնդակ: Ստացվում է, որ այս ցուցանիշով Հայաստանի հավաքականը փլեյ-օֆֆ դուրս գալու ևս մեկ փոքրիկ հնարավորություն ունի:
Չմոռանանք նաև, որ Հայաստանի ազգային հավաքականը ևս մասնակցելու է Եվրոպայի առաջնության որակավորման մրցաշարին, և հավանական է, որ կարողանա Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ անցնել հենց այդ խաղերի շնորհիվ: Որակավորման մրցաշարը կմեկնարկի 2019 թվականի գարնանը:
Նշնք նաև, որ Ազգերի լիգայի հաղթողի կոչումը կխաղարկվի առանձին: 2019 թվականի հունիսին առաջին լիգայի բոլոր հաղթող 4 թիմերը կխաղան կիսաեզրափակչում և եզրափակչում:
Սիրարփի Աղաբաբյան