Բաժիններ՝

Էր Ռիադը զենքի այլընտրական աղբյուրներ կփնտրի, եթե դաշնակիցները հրաժարվեն համագործակցելուց

Սաուդյան Արաբիան պատրաստ է սպառազինությունների այլընտրական աղբյուրներ փնտրել՝ լրագրող Ջամալ Խաշկոջիի սպանության ֆոնին համագործակցությունից ավանդական մատակարարների հրաժարման պատճառով: Այս մասին հայտարարել է թագավորության արտաքին գործերի նախարարության ղեկավար Աբդել ալ Ջուբեյրը նոյեմբերի 20-ին Asharq Al-Awsat թերթում հրապարակված հարցազրույցում:

«Մենք գերադասում ենք, որ սպառազինությունը գա դաշնակից պետություններից, քանի որ դա նրանց հետ ռազմավարական հարաբերությունների ծրագրի բաղկացուցիչ մասն է, սակայն երկիրը եւ ժողովրդին պաշտպանելու հանձնառությունը պարտավորեցնում է անհրաժեշտ սպառազինությունը փնտրել ցանկացած աղբյուրից»,- ասել է նա: Ավելի վաղ Գերմանիայի կառավարությունը հայտարարել է Սաուդյան Արաբիային սպառազինությունների մատակարարումների դադարեցման մասին՝ Խաշկոջիի գործի լույսով:

Էր Ռիադին զենքի վաճառքի դադարեցման առաջարկությամբ են հանդես եկել Հանրապետական եւ Դեմոկրատական կուսակցություններից ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատի մի շարք անդամներ: Այս համատեքստում ալ Ջուբեյրը մեկնաբանել է Վաշինգտոնի եւ Բեռլինի որոշումը լրագրողի սպանության մեջ կասկածվողների դեմ պատժամիջոցների սահմանման մասին: «Բոլոր պատժամիջոցներն անհատական են, դրանք նպատակաուղղված չեն Սաուդյան Արաբիայի իշխանությունների կամ նրա տնտեսության դեմ»,- ընդգծել է դիվանագետը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս