«Թույլ չենք տալու, որ նկարվող թվերով տնտեսություն ունենանք». Նիկոլ Փաշինյան
«Այսօր տնտեսության առողջացում է գնում, խաղային բիզնեսից՝ արդյունաբերություն»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ անցած ամիսներին Հայաստանում տնտեսական ակտիվության անկման վրա ազդել են նաև Ամուլսարի, Թեղուտի, Հյուսիս-Հարավի և այլ խնդիրները, կոռուպցիայի դեմ պայքարը:
«Թույլ չենք տալու, որ նկարվող թվերով տնտեսություն ունենանք: Բուքմեյքերական համաճարակի դեմ մենք պայքարելու ենք, որովհետև դա երկրի զարգացման վրա ազդող գործընթաց է: Ոչ միայն բուքմեյքերները, այլ նաև խաղային ապարատները, որ կարծես չեն երևում, բայց մարդիկ 100 դրամներով դնում են, ու դա ազդում է»,- ասաց Փաշինյանը:
Նա դրվատանքով նշեց, որ շուտով շաքարի նոր գործարանի բացում է լինելու, որի մասին 7 ամիս առաջ չէր կարելի մտածել, նաև տեխնիկական արտադրության գործարան է բացվելու:
Ն.Փաշինյանի խոսքով՝ գազալցակայանների գործունեության մեջ շատ մեծ ստվեր կա, և երբ սկսել են զբաղվել, գազի սպառման ծավալը կրկնապատկվել է հեղափոխությունից հետո առաջին ամսվա ընթացքում. «Գյուղատնտեսությունը, հանքարդյունաբերությունը և բուքմեյքերները մեր տնտեսության հիմքն են եղել: Այսպիսի տնտեսություն մեզ պետք չի: Ու գյուղատնտեսությունն այնպես էր, կարկուտը գա, կնվազի, չգա, կաճի: Կներեք, սա 21-րդ դարի խոսակցություն չի»: