
Կատալոնիայում գնացքի վթարից տուժածների թիվը հասել է 40-ի

Մեկ մարդ է զոհվել, եւս ավելի քան 40-ը՝ վիրավորվել Կատալոնիայում (Իսպանիա) տեղի ունեցած երկաթուղային աղետի հետեւանքով: Այդ մասին հայտնել է արտակարգ իրավիճակների ծառայությունը:
Նոյեմբերի 20-ի առավոտյան Վակարիսես մունիցիպալիտետի շրջանում, որը 40 կիլոմետր է հեռու Բարսելոնայից, Տարասա եւ Մանրեսա քաղաքների միջեւ ռելսերից դուրս է ընկել մարդատար գնացքը: Պատճառը հորդառատ անձրեւների առաջացրած սողանքն էր, որոնք վերջին օրերին տեղում էին Կատալոնիայում:
Ինչպես Twitter-ում հայտնել է արտակարգ իրավիճակների ծառայությունը, ընդամենը վագոններում եղել է 131 մարդ: Նրանցից մեկը զոհվել է, երեք հոգի միջին աստիճանի ծանրության վերքեր են ստացել, 41-ը՝ թեթեւ վնասվածքներ: 86 մարդ չի տուժել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: