Բաժիններ՝

Nissan-ի ղեկավար Կառլոս Գոնին մինչև 10 տարվա բանտարկություն է սպառնում. Kyodo

Ճապոնիայի Nissan ավտոկոնցեռնի ղեկավար Կառլոս Գոնին, որին նոյեմբերի 19-ին կալանավորել են խարդախության կասկածանքով, մինչեւ 10 տարվա բանտարկություն եւ մինչեւ 10 միլիոն իեն (գրեթե 89 հազար դոլար) տուգանք է սպառնում: Նոյեմբերի 20-ին այս մասին հայտնել է Kyodo գործակալությունը։

Գործակալության տվյալներով՝ Nissan-ն արդեն քննչական մարմինների հետ հանցանքի խոստովանության համաձայնագիր է կնքել: Նա նաեւ դատախազության հետ լիակատար համագործակցության երաշխիքներ է տվել: Տոկիոյում չեն բացառում, որ դա կարող է մեղմացնել կալանավորվածի վիճակը: 64-ամյա Գոնը եւ Nissan-ի տնօրենների խորհրդի՝ նրա շատ մտերիմ անդամ Գրեգ Քելլին նոյեմբերի 19-ին Տոկիոյի դատախազության քննիչների կողմից կալանավորվել են Ճապոնիայի ֆինանսական օրենսդրության խախտման կասկածանքով: Պնդվում է, որ հինգ տարվա ընթացքում Կառլոս Գոնը Nissan-ից 10 միլիարդ իեն (գրեթե 89 միլիոն դոլար) է ստացել որպես վարձատրություն:

Ըստ որում հարկերի վճարման համար նա մոտավորապես կիսով չափ պակաս է հայտարարագրել: Սպասվում է, որ Գոնը Nissan-ի տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնից պաշտոնապես կազատվի նոյեմբերի 22-ին: Ինչպես հայտնել է Kypdo-ն, ձեռնարկիչը նաեւ անվճար էլիտար կեցավայրեր է օգտագործել Նիդեռլանդներում եւ երեք այլ երկրներում, որոնք գնվել եւ սպասարկվել են Nissan-ի միջոցներով: Հետաքննությունը կարծում է, որ այդ արտոնությունների ստացումը նույնպես պետք է հայտարարագրված լիներ:

Ֆրանսիայի քաղաքացի Կառլոս Գոնն առայժմ պաշտոնապես գլխավորում է Nissan-ի, Ֆրանսիայի Renault-ի եւ Ճապոնիայի Mitsubishi Motors-ի եռակողմ դաշինքը, որն աշխարհում առաջին տեղում է ավտոմոբիլների իրացման ծավալով: 2018 թվականի առաջին վեց ամսում այն ամբողջ աշխարհում 5,54 միլիոն ավտոմոբիլ է վաճառել: Nissan-ի բաժնետոմսերի արժեքը մինչեւ վերջին գրեթե 2,5 տարվա նվազագույն մակարդակ է ընկել ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Կառլոս Գոնի կալանավորումից հետո: Nissan-ի արժեթղթերի գինն ընկել է 5,4 տոկոսով, իսկ դաշինքի գծով նրա գործընկերոջ՝ Mitsubishi Motors-ինը՝ 7,4 տոկոսով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս