«ՀՀԿ-ն փորձում է «քերել» արմատական ընդդիմադիր ընտրազանգվածը». Վիգեն Հակոբյան
Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանից այսօրվա ասուլիսին 168.am-ը հետաքրքրվեց, թե բացի «Իմ քայլը» դաշինքից, որը Երևանի ավագանու ընտրություններին 80 տոկոս ձայն ստացավ, մյուս ո՞ր ուժերը խորհրդարան անցնելու հնարավորություն ունեն։ Ի պատասխան՝ նա ասաց, որ «Իմ քայլից» հետո երկրորդ ուժը կարող է ԲՀԿ-ն լինել.
«ՀՀԿ-ն ևս շանսեր ունի, թեև հիմա խոսում են, որ, եթե իշխանությունները սև-սպիտակի ուղիով գնան, ՀՀԿ-ն քիչ շանսեր կունենա։ Պարզ հաշվարկ է՝ կա իքս տոկոս, որը ռադիկալ դեմ է Նիկոլ Փաշինյանին, և որոնք ուզում են գտնել այն քաղաքական ուժին, որը կարտահայտի իրենց տեսակետը, չի կոտրվի ճանապարհին։ Հիմա ՀՀԿ-ն փորձում է դա ցույց տալ, կարգախոսները լսում ենք, երբ ասում են, որ միակ ընդդիմադիր ուժը իրենք են։ Այսինքն՝ իրենք փորձում են «քերել» ոչ մեծ, բայց արմատական ընդդիմադիր ընտրազանգվածը»։
Այս տեսանկյունից քաղտեխնոլոգը հիշեցրեց, որ դեռ 2015-16թթ. Նիկոլ Փաշինյանն էր անընդհատ հայտարարում, որ միակ ընդդիմադիր ուժն են. «Այն ժամանակվա ընդդիմադիրների կողմից դա քննադատվում էր։ Այսինքն՝ այն ժամանակ Նիկոլ Փաշինյանն էր փորձում ձերբազատվել այն ժամանակվա ընդդիմադիր դաշտից՝ փորձելով կոնսոլիդացնել իրական ընդդիմադիր ընտրազանգվածներին իր շուրջ։ Հիմա նույնը ՀՀԿ-ն է անում, և, եթե դա իրեն հաջողվի, կարող է այդ ընտրազանգվածից գոնե անցնելու շեմի համար անհրաժեշտ մինիմումը կոնսոլիդացնել»։
Վիգեն Հակոբյանը նկատեց՝ «Մենք» դաշինքի ստեղծումից հետո բավականին բարդանում է «Լուսավոր Հայաստանի» խնդիրը. «Նրանք ինչ-որ չափով նույն ընտրազանգվածի վրա են աշխատում՝ լիբերալ, պրոարևմտյան։ Հնարավոր է, որ իրար խանգարեն, և ոչ մեկն էլ չհայտնվի խորհրդարանում։ Ֆոնային առումով աննկատ չի լինի «Սասնա ծռերը», բայց թե ինչքան է այդ ծայրահեղ ընտրազանգվածը Հայաստանում, դժվար է ասել։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում