Բաժիններ՝

Լիխտենշտեյն-Հայաստան. Հաղթել և սատարել Ջիբրալթարին

Հայաստանի ազգային հավաքականը Ազգերի լիգայի վերջին 2 հանդիպումներում շատ արդյունավետ է գործում, սակայն գլխավոր արդյունքն այս պահին կախված չէ ազգային ընտրանուց: Մինչև օրս ո՛չ երկրպագուները, և ո՛չ ֆուտբոլային գործիչները չեն կարողանում հասկանալ, թե ինչպես Հայաստանի ազգային հավաքականը սեփական հարկի տակ պարտվեց Ջիբրալթարին, բայց փաստը մնում է փաստ: Արդեն այսօր ազգային ընտրանին պարտավոր է հաղթել Լիխտենշտեյնին և հուսալ, որ Ջիբրալթարի հավաքականը ևս մեկ անգամ կհաջողի և կկարողանա մրցակցի հարկի տակ հաղթել Մակեդոնիայի հավաքականին:

Առաջիկա հանդիպման և խմբում իրավիճակի մասին լրագրողների հետ զրուցել են ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը և թիմի ֆուտբոլիստ Կամո Հովհաննիսյանը:

Կամո Հովհաննիսյան

Անհատապես մրցակցի ֆուտբոլիստներին չեմ անդրադառնա, բայց կասեմ, որ ընդհանուր առմամբ շատ կազմակերպված ֆուտբոլ են խաղում: Առաջին հանդիպումը Լիխտենշտեյնի հետ դժվար էր մեզ համար, բայց եկել էինք այստեղ հաղթանակի համար:

Կարդացեք նաև

Դժվար է ասել՝ առաջին տեղում կլինե՞նք, թե՞ չէ, քանի որ ամեն ինչ չէ, որ մեզնից է կախված: Իհարկե, առաջին հերթին մենք պետք է մեր խաղը խաղանք և այստեղից 3 միավոր տանենք, հետո մտածենք, թե ինչպես են խաղում Մակեդոնիան և Ջիբրալթարը:

Արմեն Գյուլբուդաղյանց

Մենք լավ ուսումնասիրել ենք Լիխտենշտեյնի խաղը: Լիխտենշտեյնը շատ կազմակերպված և լավ խաղ է խաղում, շատ կոմբինացված, համարձակ, հարձակվողական  ֆուտբոլ է խաղում, և մենք պետք է շատ լավ պատրաստվենք այս խաղին: Թիմը և՛ լավ հարձակվում է, և՛ լավ պաշտպանվում:

Պետք է կատարելագործենք մեր ֆուտբոլը՝ թե՛ հարձակումում, և թե՛ պաշտպանությունում: Խոսքս թիմային պաշտպանության մասին է:

Մենք առաջին հերթին պետք է մտածենք Լիխտենշտեյնին հաղթելու մասին և հետո միայն տեսնենք, եթե Մակեդոնիան պարտվի, մենք դուրս կգանք առաջին տեղ:

Հիշեցնենք, որ այս պահին Հայաստանի ազգային հավաքականն իր խմբում 2-րդն է և 3 միավորով զիջում է Մակեդոնիային: Եթե այսօր Մակեդոնիան պարտվի, իսկ Հայաստանի հավաքականը հաղթանակ տոնի, ապա լրացուցիչ ցուցանիշներով դուրս կգա Ազգերի լիգայի փլեյ-օֆֆ:

Նշենք նաև, որ Հայաստանում այս թիմերի առաջին հանդիպումն ավարտվել է 2:1 հաշվով:

Հիշեցնենք, որ Լիխտենշտեյն-Հայաստան և Մակեդոնիա-Ջիբրալթար հանդիպումները կմեկնարկեն այսօր՝ Երևանի ժամանակով 23:45-ին:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս