Փաշինյանը սկսել է քարոզարշավը

«Ձեր մի քվեն որևէ մեկին տալով՝ դուք վճռում եք էս երեխեքի ճակատագիրը, ովքեր դեռ քվեարկելու իրավունք չունեն, բայց ովքեր հեղափոխությանը շատ ակտիվ մասնակցեցին»,- այսօր Մարտունի քաղաքի տոնակատարության ժամանակ տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ հընթացս ներկա դպրոցականներին հարցնելով, թե արդյո՞ք նրանք մասնակցել են հեղափոխությանը, ու դրական պատասխան ստանալով՝ ասելով, որ հպարտանում է նրանցով։

Ն. Փաշինյանը ներկաներին հիշեցրեց, որ նրանց օգնությամբ իրենք հասան արտահերթ խորհրդարանական ընտրությունների, և հետևաբար՝ այն բոլոր խոստումները, որ իրենք տվել են հեղափոխական այս փուլի համար, կատարված են՝ հավանաբար մոռանալով, որ, այնուամենայնիվ, իրեն ընտրած ժողովրդին նաև խոստացել էին նոր Ընտրական օրենսգիրք։

Նա նշեց՝ այն, որ այսօր ինքը վարչապետի պաշտոնակատար է, նախարարը նախարարի պաշտոնակատար է, Կառավարությունը կառավարության պաշտոնակատար է, Ազգային ժողովը լուծարված է, նշանակում է, որ իրենք կատարել են ժողովրդին տված ամենամեծ խոստումը, այն է՝ իշխանությունը վերադարձրել են ժողովրդին։

«Հիմա մեր բոլորի ճակատագիրը ձեր ձեռքում է, բայց էս փուլի դրությամբ մենք մեր ստանձնած պարտավորությունները ձեր առաջ լիարժեք կատարել ենք։ Մենք կգանք և ձեզնից կխնդրենք մանդատ։ Մենք քաղաքական հեղափոխություն արել ենք, հիմա մեզ պետք է ձեր վստահության քվեն երկրում տնտեսական հեղափոխություն իրականացնելու համար։ Բայց որոշողը դուք եք, իշխանությունը ձերն է»,- հավաքված ժողովրդին դիմելով՝ ըստ էության քարոզարշավը ժամկետից շուտ սկսեց վարչապետը։

Կարդացեք նաև

Նա կրկին շեշտեց, որ ժողովուրդը պետք է ընտրի, թե հետագա 5 տարիներին ով պետք է լինի վարչապետ, և սա, ըստ նրա, ամենակարևորն է։

«Ես ձեզ երաշխավորում եմ, որ որևէ մեկը չի կարող որևէ վարչական լծակով, ընտրակաշառքով, որևէ սպառնալիքով, թարս հայացքով ձեզ հարկադրել ընտրել որևէ մեկին։ Հայաստանում տեղի են ունենալու ազատ ընտրություններ, և ես էլի ուզում եմ ասել՝ հույս ունեմ, որ այդ «ընտրական ասողների» ինստիտուտը գայթակղության չի տրվի։ Հայաստանի Հանրապետության քաղաքացուն որևէ մեկը չի  կարող ասել, թե նա ում ընտրի, որովհետև Հայաստանի Հանրապետությունում ասողը քաղաքացին է։ Թույլ չտաք, որ որևէ մեկը ձեզ ասի, թե ում ընտրեք։ Ում էլ դուք ընտրեք, ձեր որոշումը կլինի բարձրագույն և անբեկանելի որոշում»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը։

«Մեզ պետք է ձեր վստահության քվեն երկրում տնտեսական հեղափոխություն իրականացնելու համար». Փաշինյան

«Մեզ պետք է ձեր վստահության քվեն երկրում տնտեսական հեղափոխություն իրականացնելու համար». Փաշինյան

Gepostet von Ազատություն ռադիոկայան am Sonntag, 18. November 2018

 

Տեսանյութեր

Լրահոս