Արցախում «Սասնա ծռերին» դհոլ-զուռնայով և աղուհացով են դիմավորել
«Մենք հիմա Ստեփանակերտում ենք և ուղևորվում ենք Շուշի՝ համագումարի։ Արցախում որևէ խոչընդոտ չի եղել, ընդհակառակը՝ Բերձորի մուտքի մոտ, որտեղ 2015թ. հայտնի դեպքերը տեղի ունեցան, մեզ մեծ շուքով են դիմավորել՝ դհոլ-զուռնայով, աղուհացով, ինչը շատ ոգևորիչ էր»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության ԶԼՄ հարցերով պատասխանատու Հերմինե Մկրտչյանը։
Նա նշեց, որ Արցախում ավտոերթի ամբողջ ընթացքում ոստիկանությունն ուղեկցել է իրենց։
«Ոստիկանությունն ամբողջ ընթացքում ուղեկցել է ավտոերթը, հիմա էլ շարունակում է ուղեկցել, ինչը չենք կարող ասել Երևանի պարագայում. Երևանից երթի մեկնարկը ՃՈ-ի կողմից որևէ կերպ չի ապահովվել»,- ասաց նա։
Հերմինե Մկրտչյանն ընդգծեց, որ, թեև նախապես հայտարարվել էր, որ մի քանի օր են լինելու Արցախում, որպեսզի նաև համայնքների բնակիչների հետ հանդիպումներ ունենան, սակայն վաղը վերադառնալու են Երևան, որովհետև ընտրարշավի հետ կապված անելիքներ ունեն։
«Այսօր համագումարով կսահմանափակվենք, վաղը դարձյալ հանդիպումներ կունենանք մեր գրասենյակներում, գուցե նաև՝ արցախցիների հետ։ Ե՛վ Բերձորում, և՛ Ստեփանակերտում ունենք գրասենյակներ, որտեղ հանդիպումներ ունեցանք մեր համակիրների հետ»,- եզրափակեց նա։
Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության անդամները հայտարարել էին, որ պատրաստվում են Արցախում հիմնադրել քույր կուսակցություն, և այդ նպատակով այսօր՝ նոյեմբերի 17-ին, մեկնում են Արցախ՝ կուսակցության ծրագրերը ներկայացնելու և համագումար անցկացնելու համար։
Արդեն տեղեկացրել ենք, որ Գորիս քաղաքում բնակիչները կանգնեցրել են ավտոերթը։ «Մի փոքր կանգնեցինք, շփվեցինք, տեղեկացրինք՝ ինչ նպատակով ենք մեկնում Արցախ, ու շարժվեցինք Արցախ։ Շատ դրական վերաբերմունք ունեին, մեր քայլը ողջունեցին ու բարի ճանապարհ մաղթեցին»,- մեզ հետ զրույցում ասել էր Հերմինե Մկրտչյանը։
Gepostet von Սասնա Ծռեր համահայկական շարժում am Samstag, 17. November 2018
Ռազմիկ Մարտիրոսյան