«Լարսի այլընտրանքային ճանապարհի հետ կապված հարցը պարզ կլինի 15-20 օրից». Սերգեյ Բագրատյան
Դեռևս նախորդ ամսվա վերջին ԱԺ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Սերգեյ Բագրատյանը 168.am-ի հետ զրույցում նշել էր, որ Լարսին այլընտրանքային ճանապարհ գտնելու համար հրավիրել է մասնագետի, որի հետ աշխատում են՝ այլընտրանքային ճանապարհը դիտարկելու համար։ Նա նաև նշել էր, որ, եթե վրացական կողմը չառարկի, ապա Հայաստանը կունենա Լարսին այլընտրանքային ճանապարհ։
168.am-ը Սերգեյ Բագրատյանից փորձեց ճշտել, թե ի՞նչ փուլում են աշխատանքները: Նա նշեց, որ հրավիրված մասնագետն օրերս հանդիպել է Վրաստանի կառավարության որոշ անդամների հետ, որոնք տվել են սկզբունքային համաձայնություն։
«Այս պահին մեր գործընկերը մեկնել է Մոսկվա, որպեսզի այս հարցը համաձայնեցնի նաև ռուսական կողմի հետ, քանի որ վրացական կողմը պնդել է, որ այս հարցում պետք է լինի նաև ՌԴ իշխանությունների որոշակի համաձայնությունը։ Կան որոշ հարցեր, դետալներ, որոնց մասին մանրամասն չասեմ, որովհետև ինչ-որ տեղ կոնֆիդենցիալություն կա։ Սա ավելի շատ իրազեկման խնդիր է, քանի որ իրավական հարցեր չկան։ Մոսկվայում ամեն ինչ հարթ անցնելուց հետո հարցն արդեն կդառնա մեր կառավարության քննարկելիք խնդիրը։ Կարծում եմ՝ առաջիկա մեկ շաբաթում բանակցությունները կավարտվեն, կվերադառնանք Վրաստան, որից հետո ՀՀ կառավարություն, այս պահին դեռ 15-20 օրվա աշխատանք կա»,- ասաց Սերգեյ Բագրատյանը։
Նա նաև տեղեկացրեց, որ, եթե այլընտրանքային ճանապարհի հետ կապված բոլոր հարցերը լուծվեն, ապա այն իրագործելու համար եղանակային պայմանները չեն կարող խանգարել։
Սերգեյ Բագրատյանն այլ մանրամասներ չհայտնեց, միայն նշեց, որ 15-20 օրից հետո ամեն ինչ պարզ կլինի։
Զվարթ Խաչատրյան