Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները դիրքորոշում կհայտնեն մերժման հիմքերին ծանոթանալուց հետո
ՀՀ վճռաբեկ դատարանում ավարտվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների և ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի վճռաբեկ բողոքների դռնփակ նիստի քննությունը՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը վերացնելու՝ ՀՀ վերաքննիչ դատարանի որոշման դեմ։
Նշենք, որ Քոչարյանի պաշտպանների բողոքի նպատակն է՝ Վերաքննիչ դատարանում ներկայացրած հիմնավորումներից ևս երկուսը քննարկման առարկա դարձնել Վճռաբեկ դատարանում, իսկ դատախազը վիճարկում է կալանքը որպես խափանման միջոց վերացնելու դատարանի որոշումը։
Այսօրվա նիստում դատարանը որոշել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի վճռական բողոքը բավարարել մասնակիորեն, իսկ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը՝ մերժել: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2018թ. օգոստոսի 13-ի որոշումը բեկանեց՝ գործն ուղարկելով նույն դատարան՝ նոր քննության:
168.am-ի հետ զրույցում Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը, անդրադառնալով Վճռաբեկ դատարանի նշյալ որոշմանը, ասաց, որ այս պահին իրենց ձեռքի տակ է միայն որոշման եզրափակիչ հատվածը, որը դատարանը հրապարակել է նիստի ընթացքում, այդ պատճառով էլ այս պահին դժվարանում է որևէ գնահատական տալ։
«Քանի դեռ չեմ տեսել դատարանի հիմնավորումները և մեկնաբանությունները՝ ներառյալ մեր և դատախազության բողոքների մասով, ոչինչ չեմ կարող ասել։ Երբ լինեն բոլոր հիմնավորումները, մենք կհնչեցնենք մեր գնահատականները։ Ցավալի է, որ դատարանը մերժեց, այսինքն՝ բողոքելով մենք ակնկալում էինք, որ պետք է դատարանը բավարարեր։ Միևնույն ժամանակ, քանի դեռ չունենք մերժման հիմնավորումներն ու մեկնաբանությունները, ոչ պրոֆեսիոնալ կլինի որևէ գնահատական հնչեցնել»,-նշեց փաստաբանը։
Հարցին, թե ե՞րբ կլինի մերժման ամբողջական տեքստը, Արամ Օրբելյանը նշեց, որ այս պահին դեռ պարզ չէ, քանի որ լինում ենք դեպքեր, երբ բավական երկար է տևում.
«Երբ ստանանք տեքստը, դրանից հետո մենք մեր դիրքորոշումը կարտահայտենք և կորոշենք մեր հետագա անելիքները։ Այս պահին միչև վերջ հայտնի չէ, թե ինչ է կիրառել դատարանը և ինչի շրջանակներում»,-եզրափակեց փաստաբանը։
Զվարթ Խաչատրյան