
Վճռաբեկ դատարանը քննում է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների և գլխավոր դատախազի բողոքները (ուղիղ)

ՀՀ վճռաբեկ դատարանը քննում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների և ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի վճռաբեկ բողոքները՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը վերացնելու՝ ՀՀ վերաքննիչ դատարանի որոշման դեմ. Քոչարյանի պաշտպանների բողոքի նպատակն է Վերաքննիչ դատարանում ներկայացրած հիմնավորումներից ևս երկուսը քննարկման առարկա դարձնել Վճռաբեկ դատարանում, իսկ դատախազը վիճարկում է կալանքը որպես խափանման միջոց վերացնելու դատարանի որոշումը:
Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ դատական դեպարտամենտի hասարակայնության հետ կապերի և արարողակարգի վարչության պետ Արման Խաչատրյանը:
«Նիստն ընթանում է, երկու բողոքները քննվում են: Դատական նիստը դռնփակ է, ավարտելուց հետո տեղեկություն կտրամադրվի»,- ասաց Խաչատրյանը:
ՀՀ վճռաբեկ դատարանը սեպտեմբերի 19-ին կայացրած որոշմամբ վարույթ էր ընդունել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի և Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպանների բողոքները: