Խորվաթիա-Իսպանիա. սպասե՞լ ռևանշի
Այսօր տեղի կունենան Ազգերի լիգայի հերթական փուլի հանդիպումները: Նրանցից մեկում Խորվաթիայի ազգային հավաքականը կփորձի Իսպանիայի ազգային հավաքականից վրեժխնդիր լինել այս տարվա սեպտեմբերին 0:6 հաշվով ջախջախիչ պարտության համար:
Խորվաթիա
Աշխարհի առաջնությունում հաջող ելույթից հետո խորվաթները լավ չեն խաղում: Աշխարհի առաջնությունից հետո միակ հաղթանակը Հորդանանի հետ ընկերական խաղում էր (2:1):
Խորվաթիայի ազգային հավաքականը անհաջող է խաղում հենց Ազգերի լիգայում: Երկու հանդիպումներում թիմը կարողացավ վաստակել միայն մեկ միավոր: Անգլիայի հետ խաղը հաջող ստացվեց, սակայն այդպես էլ գոլեր չեղան՝ 0:0: Հետո տեղի ունեցավ Իսպանիայի հետ խաղը՝ 0:6 պարտությունը: Հիմա խորվաթները վերջին տեղն են զբաղեցնում խմբում և մոտ են Ազգերի լիգայի խաղարկությունից դուրս մնալուն:
Սակայն ամեն ինչ դեռ կորած չէ: Հաջող խաղերի դեպքում Խորվաթիայի ընտրանին կարող է անգամ առաջին տեղ դուրս գալ խմբում: Դրա համար խոշոր հաշվով պետք է հաղթել թե՛ Անգլիային, թե՛ Իսպանիային:
Իսպանիա
Իսպանիան Աշխարհի առաջնությունում անաջող ելույթներից հետո ավելի հաջող է հանդես գալիս, քան իր ապագա մրցակիցը: Ազգերի լիգայում իսպանացիներն արդեն երեք խաղ են անցկացրել: Բացի Խորվաթիայի նկատմամբ հաղթանակից (6:0), Իսպանիան հաղթել է նաև Անգլիային (2:1): Ճիշտ է, բրիտանացիները կարողացան վրեժխնդիր լինել՝ Իսպանիային պարտության մատնելով Ազգերի լիգայի վերջին խաղում (3:2):
Հոկտեմբերին իսպանացիներն Ուելսի հետ ընկերական հանդիպում անցկացրեցին, որտեղ 4:1 հաշվով հաղթեցին մրցակցին:
Պետք է նշել, որ վերջին 4 խաղերում Իսպանիան շատ արդյունավետ է խաղում: Ընդհանուր առմամբ, այս ժամանակահատվածում իսպանացիները 15 գոլ են խփել՝ ամեն խաղում դառնալով առնվազն 2 գոլի հեղինակ:
Վիճակագրություն և անձնական հանդիպումներ
- Իսպանիան վերջին 28 խաղերից միայն մեկում է պարտվել հիմնական ժամանակում
- Խորվաթիան վերջին 12 խաղերից պարտվել է միայն երկուսում
- Իսպանիան հաղթել է Խորվաթիայի հետ վերջին վեց խաղերից չորսում՝ պարտվելով միայն մեկ անգամ
Իսպանիայի ազգային հավաքականը դժվար թե խնդիրներ ունենա այս խաղում, իսկ խորվաթներն ամեն ինչ անելու են ռևանշի հասնելու համար: Բացի այդ, հաջորդ փուլ դուրս գալու հնարավորությունը պահպանելու համար Խորվաթիան պարտավոր է հաղթել:
Հիշեցնենք, որ խաղը կկայանա այսօր՝ Երևանի ժամանակով 22:45-ին:
Սիրարփի Աղաբաբյան