Մեր սրտի ցանկությունն է եղել Հայրենիքում ապրելը. իրանահայ ընտանիքը Հայաստանում է
Իրանահայ Արբի Բաղդասարյանն իր կնոջ և երեխաների հետ Հայաստան է տեղափոխվել ընթացիկ տարվա ամռանը: Նա ծնվել և մեծացել է Իրանում, Ռաշդ քաղաքում: Այնտեղ ընտանեկան գործ են ունեցել, աշխատել են իրենց խանութում: Ամուսնանալուց հետո, տարիներ անց, երբ առաջնեկը դպրոցի տարիքին էր մոտենում, որոշեցին տեղափոխվել Թեհրան, որպեսզի նա կարողանա հայկական դպրոց հաճախել:
«Այդ ժամանակ 32 տարեկան էի: Եկանք Թեհրան, որտեղ ես տաքսու վարորդ էի աշխատում: Ռաշդ քաղաքի մեր խանութը տվեցինք վարձակալության: Տարիներ շարունակ մտածում էինք Հայաստան տեղափոխվելու մասին, սակայն դեռ չէինք շտապում վերջնական որոշում կայացնել»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Արբին:
Թեպետ ապրել են Իրանում, սակայն Հայրենիքի հետ կապը եղել է, հատկապես վերջին 10 տարվա ընթացքում: Արբի Բաղդասարյանը պատմում է, որ Հայաստանում բարեկամներ ունեին, որոնցից մեկն էլ դարձավ իր երեխայի կնքահայրը:
«Տարիներ առաջ եկանք Հայաստան և երեխայիս մկրտությունը կատարեցինք Էջմիածնում: Դրանից հետո ես սկսեցի ավելի հաճախ գալ Հայաստան: Կապը շարունակում էի պահել, և գնալով հասունանում էր Հայրենիք տեղափոխվելու միտքը»,-պատմում է Արբի Բաղդասարյանը:
Հայաստանում ընթացիկ տարվա գարնանը տեղի ունեցած հեղափոխությունն իր ազդեցությունն ունեցավ ընտանիքի որոշման վրա: Որոշվեց, առիթից օգտվելով, տարիների երազանքն իրագործել ու տեղափոխվել Երևան: Քանի որ Բաղդասարյանների ընտանիքի արդեն երկրորդ երեխան դպրոցական տարիքին մոտ էր, հետևաբար, լավ առիթ էր միանգամից կրթություն ստանալն սկսել Հայրենիքում:
Ամռան երկրորդ կեսին Բաղդասարյանների ընտանիքը վերջնականապես տեղափոխվեց Երևան: Առաջին խնդիրը, որ լուծել են, երեխաներին ուսումնական հաստատություններում տեղավորելն է եղել, ինչը շատ արագ հաջողվել է:
«Երեխաներս մեծ հաճույքով են այստեղ գնում դպրոց: Փոքր աղջիկս, երբ առաջին դասարան գնաց, շատ արագ հարմարվեց, հիմա իրեն լավ է զգում: Մեծ աղջկաս համար փոքր-ինչ բարդ է ռուսերենը, սակայն դա էլ ժամանակի հետ կհաղթահարվի»,- ասաց նա:
Թեպետ ընտանիքը գրեթե 3 ամիս է Հայաստանում է, սակայն Արբի Բաղդասարյանը դեռ աշխատանքի չի տեղավորվել: Դժվարություններն իրենց խոսքն ասում են, աշխատատեղերը քիչ են, եղածների վարձատրությունն այն չէ, դրանից բացի բարդություններ կան բանկերից վարկ վերցնելու գործընթացի հետ կապված, բնակարանների վարձավճարներն էլ թանկ են: Չնայած դժվարություններին՝ Արբին առաջիկայում կտա իր փոքր գործի մեկնարկը: Ընկերոջ հետ գործի կդնի արագ սպասարկման սննդի կետ: Հուսով է, որ սկսած գործը հաջող ընթացք կունենա:
Արբին նկատում է, որ ճիշտ կլիներ, եթե պետական մակարդակով հայրենադարձներին աջակցություն ցուցաբերվեր: Կան ընտանիքներ, որոնք այլ երկրում բնակվելով, ունենում են ֆինանսական կայուն վիճակ, հետևաբար, ըստ նրա, Հայաստան տեղափոխվելով, իրենց համար խնդիր չէ սեփական ֆինանսական միջոցները Հայրենիքում ինչ-որ գործ դնելը: Նրանց կողքին կան ընտանիքներ, ովքեր ևս ցանկանում են գալ, բնակվել Հայրենիքում, սակայն ֆինանսական կայուն վիճակ չունենալով ՝ խնդիրների առաջ են կանգնում: Հետևաբար, նման դեպքերում ճիշտ կլիներ, որ հայրենադարձների համար պետական մակարդակով աջակցության ծրագրեր իրականացվեին:
«Մեր սրտի ցանկությունն է եղել Հայաստանում ապրելը, մեր երեխաներին հայ իրականության մեջ մեծացնելը: Շատ ուրախ ենք, որ այստեղ ենք, տարիների ընթացքում շատ փոփոխություններ են նկատվում երկրում, ինչը ողջունելի է»,-հավելեց Արբի Բաղդասարյանը:
Աննա Գզիրյան