«Մենք ակնկալում ենք մեծ թվով քվեներ». Կարինե Աճեմյան
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցության իր նախընտրական ցուցակը ներկայացրեց Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Կուսակցությունը ընտրություններին մարտական է տրամադրված: Այս մասին նոյեմբերի 14-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովում նշեց ԱԺ պատգամավոր, ՀՀԿ անդամ Կարինե Աճեմյանը:
«Մարտական ենք տրամադրված, տրամադրված ենք, որպեսզի հաղթենք, ունենանք տեղեր, որ կարողանանք պայքարել այն ամենի համար, ինչի մասին խոսում էինք: Հուսով եմ, որ կունենանք նորմալ քարոզարշավ, խաղի կանոնները չենք խախտի և, առհասարակ, ավելի շատ հանդես կգանք գաղափարաքարոզչական շրջանակում: Մենք ակնկալում ենք մեծ թվով քվեներ ու անպայման ակնկալում ենք, որ հանդես կգանք խորհրդարանում, բայց այս պահին չեմ կարող ասել, թե որ դիրքերից»,- ընդգծեց Աճեմյանը:
Կարինե Աճեմյանի խոսքով` իրենց ցուցակում լինելու են թե՛ փարձառու, թե՛ նոր դեմքեր:
«Կան նոր մարդիկ, և մարդիկ, ովքեր երկար ճանապարհ են անցել: Առհասարակ, քաղաքական գործչի փորձը շատ կարևոր է: Ե՛վ կառավարությունում, և՛ խորհրդարանում փորձառու մարդիկ պետք է լինեն, և նոր մարդիկ էլ, որոնք թարմություն կբերեն»,- ասաց նա:
ՀՀԿ անդամը նշեց, որ իրենց կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցություն չի ունենա ընտրական գործընթացներին: