«Մանվել Գրիգորյանի գործով՝ դատարանը գտնվում է գործադիրի իշխանության տակ՝ իր բոլոր բացասական հետևանքներով». պաշտպան
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցն օրերս ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել, որտեղ անդրադարձել էր ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի առողջական վիճակին.
«Անկախ բոլոր հանգամանքներից, անկախ հանցագործության բնույթից, որում մեղադրվում է անձը, պետք է տրամադրվի պատշաճ բժշկական օգնություն, եթե ազատազրկման վայրում՝ կալանքի տակ գտնվելիս, ունի առողջական խնդիրներ։ Չգիտեմ, ինչքանով են հավաստի տարածվող լուրերը կալանքի տակ գտնվող Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի վատթարացման մասին, սակայն, Արդարադատության նախարարությունը և քրեակատարողական ծառայությունը պետք է հստակ և հիմնավոր տեղեկություններ տրամադրեն հանրությանը կալանքի տակ գտնվող անձի առողջական վիճակի և տրամադրվող բժշկական օգնության վերաբերյալ»,- գրառման մեջ ասել էր Ա. Սաքունցը և
Արդարադատության նախարարությանը և քրեակատարողական ծառայությանը հորդորել էր, որպեսզի հրապարակեն անհրաժեշտ տեղեկությունը Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի և տրամադրվող բժշկական համարժեք օգնության վերաբերյալ:
168.am-ի հետ զրույցում Արթուր Սաքունցն անդրադառնալով իր բարձրացրած խնդրին՝ նշեց, որ կալանքի հիմնավորումները կարող են լինել, սակայն դա չի կարող բացառել առողջական խնդիրներ ունեցող անձի պատշաճ բժշկական օգնության տրամադրումը։
«Որովհետև կա քննության օբյեկտիվ, բազմակողմանի և լրիվության ապահովման անհրաժեշտություն, նկատի ունեմ, որ ազդեցություն կարող է ունենալ գործով անցնող վկաների վրա։ Սակայն սա չի կարող բացառել կամ խոչընդոտել անձին բժշկական ծառայություն տրամադրելը։ Լրատվամիջոցներից մեկում կարդացի, որ Մ. Գրիգորյանի վերջույթների հետ արդեն խնդիրներ են առաջացել, և իմ գրառմամբ հրապարակային պահանջ դրեցի, որ Արդարադատության նախարարությունը և քրեակատարողական ծառայությունն անպայման այս հարցի վերաբերյալ տան հստակ տեղեկություն»,- ասաց Արթուր Սաքունցը և ընդգծեց, որ Մ. Գրիգորյանն ունի փաստաբաններ, որոնք պետք է այս հարցը հրապարակայնացնեն։
Մեր զրուցակցի կարծիքով՝ ներկայիս իշխանությունները բավականին ուշադիր են հանրային հարցադրումներին, և եթե կան մտահոգություններ՝ կապված մարդու իրավունքների խախտման հետ, պարզապես պետք է փարատեն այդ մտահոգությունները՝ համապատասխան հրապարակումների միջոցով, ինչպես նաև հստակ ներկայացնեն, թե ինչ միջոցներ են ձեռք առել մարդուն առողջական խնդիրների դեպքում պատշաճ բժշկական օգնություն տրամադրելու համար։
Դիտարկմանը, թե նախկինում պատգամավորները կամ որոշ հ/կ ղեկավարներ ստորագրություն էին հավաքում որպեսզի այս կամ այն ձերբակալված անձի խափանման միջոցը փոխեն, ինչո՞ւ նույնը չգործեց Մ. Գրիգորյանի դեպքում, Արթուր Սաքունցը նշեց, որ Մ. Գրիգորյանի փաստաբանները պետք է պատասխանեն այս հարցին:
«Ես գիտեմ, որ ոչ թե խափանման միջոցը փոխելու մասին էր խոսքը, այլ գրավով փոխարինելու։ Գրավով փոխարինելու դեպքում միայն մեկ բան կարող է խոչընդոտ լինել՝ քննության շահը, այս դեպքում ենթադրվում է, որ կալանավորված անձը կարող է ազդեցություն ունենալ այն մարդկանց վրա, որոնք կարող են գործի վերաբերյալ վկայություն տալ»,- շեշտեց Ա. Սաքունցը։
Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանն էլ տեղեկացրեց, որ Մանվել Գրիգորյանի առողջության հետ կապված՝ գրանցվել են բացասական միտումներ, ինչը շարունակվում է։
«Օրեր առաջ բժշկական երկու կարծիք է ուղարկվել պաշտպանական կողմին, որտեղ պարզվում է, որ Մ. Գրիգորյանի հիվանդությունը կալանքի հետ ոչ միայն համատեղելի չէ, այլև վտանգներ է պարունակում, եթե նա շարունակի մնալ կալանքի տակ»,- շեշտեց փաստաբանը։
Ըստ նրա, եթե նույնիսկ խոսք չլինի Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի մասին, ապա նրա նկատմամբ Հատուկ քննչական ծառայության կողմից կիրառվում է ընտրովի արդարադատություն, քանի որ բացակայում են նրան կալանքի տակ պահելու հիմքերը։
«Բազմիցս եմ այս մասին ասել, որ սա ոչ միայն մարդու իրավունքների խախտում է, այլ մեկ բառով կոչվում է՝ անձի խոշտանգում։ Առաջինը՝ կալանքի տակ պահելու հիմքերը բացակայում են, ավելին՝ բազմաթիվ հնչեղ գործերով անցնող անձանց խափանման միջոցը կարող են փոխել, բայց չգիտես՝ ինչու, ոչ Մանվել Գրիգորյանինը, սա սահմանադրության խախտում է, այսինքն՝ խախտվում է հավասարության սկզբունքը, սա կարելի է դիտել՝ որպես խտրական վերաբերմունք։
Ըստ էության, այսօր Մ. Գրիգորյանը կրում է ոչ թե կալանք, այլ պատիժ՝ իր բոլոր հետևանքներով, և նման ընտրովի արդարադատությունն ուղղակի վնաս է պետության հետագա զարգացման համար, էլ չեմ ասում՝ արդարադատության։ Մանվել Գրիգորյանի մասով խոսք լինել չի կարող՝ դատարանի անկախ լինելու հետ կապված, ինչը մտահոգիչ է։ Ինչպես նախկին իշխանության, այնպես էլ այս իշխանությունների օրոք որոշ գործերի, այդ թվում՝ Մանվել Գրիգորյանի գործով՝ դատարանը գտնվում է գործադիրի իշխանության տակ՝ իր բոլոր բացասական հետևանքներով»,- եզրափակեց Լ. Բաղդասարյանը։
Զվարթ Խաչատրյան