
Նիդերլանդների վերաքննիչ դատարանը հայերի դեմ բռնություն հրահրած Իլհամ Աշկինի գործով առաջին ատյանի վճիռը թողեց անփոփոխ

Նիդերլանդների Զվոլե քաղաքի վերաքննիչ դատարանը նոյեմբերի 14-ին որոշել է նույնը թողնել առաջին ատյանի դատարանի վճիռը, որը բողոքարկել էր Հաագայի Թուրք-ադրբեջանական մշակութային միության նախագահ Իլհամ Աշկինը: 2017 թվականի մարտի 17-ին Ալմելոյի առաջին ատյանի դատարանը Իլհամ Աշկինի գործով կայացրել էր վճիռ հայերի դեմ բռնություն հրահրելու մեղադրանքով:
Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց «Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիա»-ի նախագահ Մաթո Հախվերդյանը:
«Վերաքննիչ դատարանը հրապարակեց վճիռը, որը վերահաստատեց առաջին ատյանի դատավճիռը, այսինքն՝ նրա պատիժը կմնա նույնը՝ 120 ժամ հարկադիր անվճար աշխատանք և մեկ ամիս պայմանական ազատազրկում` երկու տարի փորձնական ժամկետով»,- հայտնեց Մաթո Հախվերդյանը:
Վերաքննիչ դատարանի նիստը կայացել է 2018 թվականի հոկտեմբերի 17-ին, որոշումը հրապարակվել է այսօր՝ նոյեմբերի 14-ին:
Աշկինը մեղադրվում է այն բանի համար, որ նա 2014-ին Ալմելո քաղաքում Մեծ Եղեռնի հուշահամալիրի մոտ կազմակերպված թուրքական հանրահավաքի ժամանակ մի քանի անգամ վանկարկել է. «Ղարաբաղը լինելու է հայերի գերեզմանը»: Առաջին ատյանի դատարանը նշանակել էր 120 ժամ հարկադիր անվճար աշխատանք և մեկ ամիս պայմանական ազատազրկում` երկու տարի փորձնական ժամկետով, որն ավելի ծանր պատժամիջոց է, քան պահանջել էր դատախազությունը: