«Երաշխավորում եմ, որ մենք ունենալու ենք երրորդ հանրապետության պատմության լավագույն ընտրությունները». Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է՝ պայքարելու են, որ առաջիկա ընտրություններում ոչ ոք, անկախ կուսակցական պատկանելիությունից, փորձ չանի որևէ վարչական լծակ օգտագործել: Փաշինյանն այս մասին հայտարարեց ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ:

«Ոչ ոք փորձ չանի դպրոցների ուսուցիչներին ներքաշել ընտրական գործընթացների մեջ: Ոչ ոք փորձ չանի որևէ վարչական լծակ օգտագործել: Մենք այդ երևույթի դեմ շատ հստակ պայքարելու և հակազդելու ենք, անկախ նրանից, այդ մարդը կլինի իշխանական, թե ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչ: Ես երաշխավորում եմ, որ մենք ունենալու ենք Երրորդ Հանրապետության պատմության լավագույն ընտրությունները»,- շեշտեց Փաշինյանը:

Պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը նկատեց, որ ընտրությունների ժամանակ նոր անձնագրեր են տպվում, մեկ բնակարանում, սեփականատիրոջից անկախ, գրանցում են այլ մարդկանց:

«Ես բացառում եմ նման բան: Ինչպես կարող են նման բաներ տեղի ունենալ ներկայիս Հայաստանում»,- պատասխանեց Փաշինյանը:

Նա նշեց, որ ամեն դեպքում զգոնությունը չկորցնելու համար կոչ է անում քաղաքացիներին ուշադիր լինել իրենց բնակարանի հասցեում գրանցված անձանց ցուցակներին: Վարչապետի պաշտոնակատարը երաշխավորեց, որ նման բաներ անող մարդիկ խիստ պատասխանատվության կենթարկվեն:

Տեսանյութեր

Լրահոս