Տեղի կունենա չխաղարկված 7 բնակարանների վիճակահանությունը
Նոյեմբերի 2-ին մեկնարկել և 5-ին ավարտվել էր ՀՀ կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ 1734-Ն որոշմամբ հաստատված պետական ոլորտի ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի չորրորդ փուլի շրջանակներում Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Ադոնց փողոցի N 4 և 4/3 հասցեներում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրների բնակարանների վիճակահանությունը: Ինչպես տեղեկացրին ՀՀ քաղաքաշինության կոմիտեի մամուլի ծառայությունից, բազմաբնակարան շենքերում նախատեսված 265 բնակարանների և ավտոկայանատեղիների համար կայացած վիճակահանության ավարտին 7 բնակարան շահող հավակնորդ չի ունեցել` տվյալ բնակարանի խաղարկության պահին հավակնորդների բացակայության պատճառով:
Չշահած բնակարանների համար 2018 թվականի նոյեմբերի 17-ին, ժամը 10:00-ին ՀՀ քաղաքաշինության կոմիտեում (ք.Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 3, 4-րդ հարկ) տեղի է ունենալու վիճակահանություն:
Բնակարանների վիճակահանությանը մասնակցելու համար ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված կարգով հավակնորդների ցուցակում ընդգրկված պետական ծառայողները կիրազեկվեն համապատասխան ծանուցմամբ (մասնավորապես՝ այն հավակնորդները, որոնց 2018 թվականի նոյեմբերի 2-ից 5-ը կայացած վիճակահանության արդյունքներով ոչ մի բնակարանի ստացման իրավունք չի վերապահվել և որոնք ՀՀ քաղաքաշինության կոմիտե չեն ներկայացրել վճարված 400.000 ՀՀ դրամ կանխավճարը հետ վերադարձնելու դիմում):