«Կներեք, ես երևի արտագաղթեմ երկրից, հա՞». Հրաչ Հակոբյանը՝ Նիկոլ Փաշինյանի խնամի-ծանոթ-բարեկամ լինելու մասին
«Իմ քայլը» դաշինքի ցուցակում տհաճ անակնկալներ չկան, այն քաղաքական և քաղաքացու սպասելիքներն արդարացնող ցուցակ էր: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը:
168.am-ի դիտարկմանը, որ ինքը ցուցակի վերջին տեղերում է, թեև Նիկոլ Փաշինյանի ազգականն է, Հակոբյանը պատասխանեց, որ առաջադրվելու է թիվ 3 ընտրատարածքում ռեյտինգային ընտրակարգով, իսկ ցուցակի վերջին համարներում լինելը ցույց է տալիս իրենց իշխանության մոտեցումը ԽԾԲ-ի՝ խնամի-ծանոթ-բարեկամի ինստիտուտին:
Նա չհամաձայնեց, որ Նիկոլ Փաշինյանի գործոնն իր համար մեծ քվեներ կապահովի. «Չեմ կարծում: Կներեք, այլապես ես երևի արտագաղթեմ երկրից, հա՞: Ես ինչով էլ զբաղվեմ, միշտ կլինեն մարդիկ, ովքեր կասեն՝ չեք կարծո՞ւմ, որ ձեր նշած ԽԾԲ-ն է պատճառ հանդիսացել, որ դուք հիմա այս գործն եք անում: Եթե անգամ արտագաղթեմ, միևնույն է, երևի արտագաղթածս վայրում կգտնվեն հայ լրագրողներ, ովքեր կասեն՝ չեք կարծո՞ւմ, որ ձեր ԽԾԲ-ի շնորհիվ էր, որ դուք վիզա ստացաք»: