«Երկիր Ծիրանին» մերժում է առաջիկա ընտրությունները
«Երկիր Ծիրանի» կուսակցությունը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ մերժում է 2018 թվականի դեկտեմբերի 9-ի` «ՀՀ խորհրդարանական ընտրություններ» անվանումով կեղծ նախաձեռնությունը»:
«Քառորդդարյա ավտորիտար համակարգին իրավաքաղաքական դատապարտման գնահատական չտրվեց: Մրցունակ և արդյունավետ պետական համակարգի ներդրման վերաբերյալ իրավական հայեցակարգ չընդունվեց: 27-ամյա ավտորիտար համակարգում տեղի ունեցած վերադասավորումները և անվանափոխությունները չեն կարող երաշխավորել արդար, հավասար և թափանցիկ պայմաններում ընտրական իրավունքի իրացում: Ավտորիտար ռեժիմի կեղծ տապալման` նմանակման (իմիտացիայի) պայմաններում, այսպես կոչված՝ «խորհրդարանական ընտրություններ» անվանվող քաղաքական պայքարն ի սկզբանե ձախողված է: Ավտորիտար ռեժիմի կեղծ տապալման սցենար մշակողների կողմից սահմանված կանոններով «խորհրդարանական ընտրությունների» անվան տակ 2018 թվականի դեկտեմբերի 9-ի` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրություններ միջոցառմանը մասնակցելը, որպես քաղաքական միավոր, ոչ միայն հնարավորություն չի ընձեռելու տապալել ավտորիտարիզմը և ներդնել ժողովրդավարական համակարգ, այլև ընդհակառակը` նպաստելու է ավտորիտար ռեժիմի թարմացմանը և լիցքավորմանը», – ասված է հայտարարությունում:
«Երկիր Ծիրանի» կուսակցությունը հավելում է․ – «Նիկոլ Փաշինյանի ժամանակավոր կառավարությունը, չնայած ստանձնած պարտավորությանը, չի լուծել արդի Հայկական պետականությունում ընտրական իրավունքի իրացման հետ կապված համակարգային խնդիրը` չի ազատականացրել քաղաքական դաշտը, հայ ազգի բոլոր հատվածների` արցախցիների, Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվող ՀՀ քաղաքացիների, բազմաքաղաքացիների համար չի ապահովել ընտրելու և ընտրվելու իրավունքը: 2018 թվականի դեկտեմբերի 9-ին նշանակված արտահերթ խորհրդարանական ընտրություններն առանց ընտրական համակարգի արմատական փոփոխության` բազմաշերտ և բազմակողմ հանցավոր պայմանավորվածությունների հետևանք են»:
«Գործող գործադիր և օրենսդիր իշխանության կողմից 2018 թվականի դեկտեմբերի 9-ին «ՀՀ խորհրդարանական ընտրություններ» անվանումով նախաձեռնությունը հետապնդում է ապօրինի նպատակ, չի բխում հայ ազգի շահերից և օգտագործվելու է ի նպաստ Հայաստանի Հանրապետությունում առկա թարմացված ավտորիտարիզմի։ «Երկիր Ծիրանի» կուսակցությունը դատապարտում է 2018 թվականի դեկտեմբերի 9-ին նախատեսվող՝ «ՀՀ խորհրդարանական ընտրություններ» անվանումով կեղծ նախաձեռնությունը: «Երկիր Ծիրանի» կուսակցությունը մերժում է 2018 թվականի դեկտեմբերի 9-ին ՀՀ խորհրդարանական ընտրություններ անվան տակ կեղծիքը և հայտարարում, որ շարունակելու է պայքարը` կյանքի կոչելով Հայկական Մեծ Հեղափոխությունը», – ասված է հայտարարությունում: