Իսրայելի պաշտպանության նախարարը հրաժարական տվեց
Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը նոյեմբերի 14-ին մամուլի համար հատուկ ելույթի ընթացքում հայտարարել է, որ թողնում է իր պաշտոնը:
«Այո, ես թողնում են Իսրայելի պաշտպանության նախարարի պաշտոնը,-ասել է նա:-Անվտանգության տեսանկյունից մենք պետք է ավարտին հասցնեինք մեր գործողությունները Գազայի հատվածում: Այն հարվածը, որը մենք Գազայում հասցրեցինք ահաբեկչության ենթակառուցվածքին, ըստ իս, բավարար չէր»:
«Եթե ես մնայի պաշտպանության նախարարի պաշտոնում, չգիտեմ՝ ինչպես էի նայելու Իսրայելի հարավի բնակիչների աչքերին»,-հավելել է Լիբերմանը, որի ելույթը հեռարձակել են երկրի բոլոր հիմնական հեռուստաալիքները: Լիբերմանը, որը գլխավորում է «Մեր տունը Իսրայելն է» ռուսախոս իսրայելացիների կուսակցությունը, հայտարարել է, որ «վերջին ամիսներին մենք (Իսրայելը) միանգամայն սխալ քաղաքականություն ենք վարում»: Նա նաեւ հանդես է եկել շուտափույթ վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու օգտին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: