Չեխիան հրաժարվեց կատարել միգրացիայի վերաբերյալ ՄԱԿ-ի՝ պատրաստվող համաձայնագիրը
Պրահան չի կատարի միգրացիայի վերաբերյալ ՄԱԿ-ի համաձայնագիրը, որի ընդունումն սպասվում է դեկտեմբերին: Այդ մասին հայտարարել է Չեխիայի փոխվարչապետ Ռիխարդ Բրաբեկը:
«Համաձայնագրի վերջնական տեքստը չի արտացոլում Չեխիայի կողմից առաջադրված փոփոխությունների վերաբերյալ հիմնարար առաջարկությունները, ուստի կառավարությունը որոշում ընդունեց չմիանալ դաշնագրին»,- մեջբերում են նրա խոսքն արեւմտյան զանգվածային լրատվամիջոցները: Ավելի վաղ Բրաբեկը նշել էր, որ փաստաթղթի տեքստը չի ստացվում հստակ մեկնաբանել եւ համաձայնագրի դրույթները կարելի է չարաշահել:
Զանգվածային լրատվամիջոցները հիշեցնում են, որ Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշի կառավարությունում գերակշռում են հակամիգրանտական տրամադրությունները, եւ երկրի իշխանությունները հրաժարվում են ընդունել ներգաղթյալների՝ չնայած Եվրամիության արեւմտաեվրոպական անդամների կոչերին:
Միգրացիայի վերաբերյալ ՄԱԿ-ի համաձայնագրից ավելի վաղ հրաժարվել են ԱՄՆ-ը, Հունգարիան եւ Ավստրիան: Սույն դաշնագիրն առաջին միջազգային համաձայնագիրն է, որը կարգավորում է միգրացիայի հետ կապված իրավիճակն ամբողջ աշխարհում: Դրա մշակումն սկսվել է այն բանից հետո, երբ ամբողջ աշխարհում վերաբնակվող մարդկանց թիվն աճեց մինչեւ 250 միլիոն կամ Երկրագնդի բնակչության 3 տոկոսը:
Համաձայնագիրը պետք է ընդունվի դեկտեմբերի 10 – 11-ը Մարոկոյում կայանալիք խորհրդաժողովի ընթացքում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: