«Լինելու են միստիկ, առասպելաբանական ընտրություններ». Ռազմիկ Մարտիրոսյան
ՀՀԿ անդամ, սոցիոլոգ Ռազմիկ Մարտիրոսյանի խոսքով՝ անկախ այն հանգամանքից, թե քանի կուսակցություն է մասնակցելու արտահերթ խորհրդարանական ընտրություններին, հանրությունը գործ ունի երկու բևեռացված առասպելների հետ, մեկը՝ Նիկոլ Փաշինյան հեղափոխականն է, մյուսը՝ Հանրապետական կուսակցությունը՝ հակահեղափոխական։
«Մենք տեսնում ենք, որ ընտրությունների առջև դրված են միստիկ գերխնդիրներ, և այս առումով լինելու են ոչ թե քաղաքական ընտրություններ, այլ ընտրություն առասպելների միջև։ Նիկոլ Փաշինյան միստիֆիկացիան հասարակության կողմից դիտվում է՝ որպես, պայմանական ասած, բարության միստիկա, իսկ ՀՀԿ-ն դիտարկվում է հակառակ բևեռից, և վերջինիս մասնակցությունն ընտրություններին ավելի է սրում այս առասպելները։
Մյուս կուսակցությունները դասակարգվելու են՝ ըստ այս բևեռների, քանի որ երկուսն էլ չեն համապատասխանում իրականությանը, որովհետև առասպելներ են։ Այսինքն՝ այն, որ Նիկոլ Փաշինյանը և նրա խումբը բարության կամ հասարակության մեջ ձևավորված սպասելիքների կրողներ են, աշխատելու է ընտրություններին, սակայն դրանից հետո այն սկսելու է ապամոնտաժվել։ Որովհետև հասարակությունն ավելին է սպասում, քան այդ կուսակցությունը կարող է իրականացնել, կրկնում եմ, այս պահին ընթանալու է միստիկ, առասպելաբանական ընտրություններ»,- ասաց Ռ. Մարտիրոսյանը։
Ըստ նրա՝ այս պահին քաղաքական դաշտում չկա որևէ ուժ, որը հենց ընտրությունների ընթացքում դեմիստիֆիկացիայի կենթարկի, որպեսզի ընտրություններն անցկացվեն քաղաքական հավասարակշիռ ուղղությամբ։
Ռ. Մարտիրոսյանի բնորոշմամբ, այս ընտրություններում Հանրապետական կուսակցությունը հարվածներ է ստանալու և՛ թիկունքից, և՛ աջից, և՛ ձախից։
ԱԺ ՀՅԴ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը հակադարձելով Ռազմիկ Մարտիրոսյանին՝ նշեց, որ այս պահին շարունակվում է Նիկոլ Փաշինյանի և «Իմ քայլի» գիծը, երբ Երևանի ավագանու ընտրություններում առաջ բերեցին «սևերի» և «սպիտակների» պայքարը, ինչը դուր եկավ ՀՀԿ-ին։
«Այժմ էլ հրապարակ է բերվում «սևերի» և «սպիտակների» պայքարը, սակայն արդեն ՀՀԿ-ի կողմից։ Կարող եմ ենթադրել, որ ՀՀԿ-ն է ցանկանում, որպեսզի հանրության մեջ այդ գաղափարն ամրանա, որ կան միայն «սևեր» և «սպիտակներ», մյուսներն արանքում պետք է որոշակի լուսանցքներ գտնեն, իրականությունն այդպես չէ, և այդպես մի ներկայացրեք։ Հանրությունը շատ լավ գիտի, որտեղ են «սևերը» և որտեղ «սպիտակները»»,- նշեց Ա. Կյուրեղյանը։
Պատգամավորի խոսքով՝ այս ընտրությունները պետք է տարվեն գաղափարական պայքարի ուղիով, և բոլոր ուժերը պետք է ներկայացնեն երկիրը կառուցելու իրենց տեսլականը։
«Օր օրի հանրության մեջ փոխվում են մոտեցումները, դուրս է գալիս էյֆորիկ վիճակից, ամեն օր հանդիպումներ եմ ունենում մարդկանց հետ, Վանաձոր եմ գնում ու գալիս և ամեն անգամ նկատում եմ, որ այն ուղևորները, որոնք երթուղային տաքսու մեջ էին, 12-ից 10-ը գովաբանում էին, թե Նիկոլ Փաշինյանը ճիշտ է, այժմ ամեն ինչ փոխվել է, որովհետև մարդիկ արդեն ամեն ինչ հասկանում են, հանրությունը սկսել է մտածել»,- շեշտեց Ա. Կյուրեղյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում
Զվարթ Խաչատրյան