Բաժիններ՝

Ճապոնիայի կիբեռանվտանգության նախարարը խոստովանել է, որ համակարգչին չի տիրապետում

Ճապոնիայի նախարար Յոսիտակա Սակուրադան, որը նախարարների կաբինետում պատասխանատու է կիբեռնետիկական անվտանգության խնդիրների համար, խորհրդարանի ստորին պալատում անցկացված բանավեճերի ընթացքում խոստովանել է, որ չի կարողանում օգտվել անհատական համակարգչից:

Այդ մասին հայտնել է Kyodo լրատվական գործակալությունը: Ի պատասխան ընդդիմությունից պատգամավորների հարցերի, նախարարը հաստատել է, որ վաղ երիտասարդության շրջանից համառորեն աշխատել է, խիստ զբաղված է եղել եւ հնարավորություն չի ունեցել տիրապետել համակարգչային գրագիտությանը:

«Դե, իսկ հետո ես աճեցի ծառայության գծով եւ սկսեցի ինքս ցուցումներ տալ աշխատակիցներին եւ քարտուղարներին,- հպարտորեն հայտարարել է կառավարության անդամը:- Այժմ ինչիս է պետք թխկթխկացնել համակարգի ստեղնաշարին»:

Նախարարի խոստովանությունը շփոթահար վիճակի մեջ է գցել բազմաթիվ խորհրդարանականների: «Հնարավոր չէ հավատալ այն բանին, որ հենց այս մարդուն է հանձնարարված այնպիսի մի գործ, ինչպիսին կիբեռնետիկական անվտանգությունն է»,-մասնավորապես, հայտարարել է ընդդիմադիր Մասատո Իմային:

Սակուրադան միեւնույն ժամանակ պնդել է, որ քաղաքական հարուստ փորձը իրեն թույլ է տալիս առանց խնդիրներ ունենալու տալ համապատասխան հանձնարարություններ: Սակայն կիբեռնետիկական ահաբեկչությունից ատոմային էլեկտրակայանների պաշտպանության կազմակերպման վերաբերյալ հարցերին պատասխանելիս նա ստիպված է եղել խոստովանել, որ «այդ թեմայի մանրամասներին չի տիրապետում»: Ընդդիմությունը մտադիր է պահանջել նախարարի պաշտոնաթողությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս