Մարտունու երկու բնակիչները՝ մեղադրյալի աթոռին. քրեական գործն ուղարկվել է դատարան
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է ապօրինի կերպով փամփուշտներ ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու, առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոցներ ապօրինի պատրաստելու, վերամշակելու, ձեռք բերելու, պահելու, գողության և գողության օժանդակության դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել երկու անձի:
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2016թ. աշնանը Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի բնակիչ Ս.Մոսոյանը՝ ծնված 1976թ., Քելբաջար քաղաքի «Իստիսու» տաք ջուր կոչվող վայրում հայտնաբերել է ռազմամթերք հանդիսացող «Մակարով» տեսակի ակոսափող ատրճանակների, «ՊՊՇ» տեսակի ատրճանակ-գնդացիրների համար նախատեսված 4 հատ գործարանային արտադրության փամփուշտներ, որոնք նա տարել է տուն և պահել:
Բացի այդ, 42-ամյա տղամարդը 2017թ. աշնանը, առանց իրացնելու նպատակի, իր տան բակում աճեցրած կանեփի բույսերից ապօրինի ձեռք է բերել ու պահել զգալի չափերի՝ 2.94 և 2.500 գրամ հաստատուն քաշով «մարիխուանա» տեսակի թմրամիջոց:
Վերը թվարկվածից բացի, Ս.Մոսոյանն իր համաքաղաքացու՝ Ռ.Մաթևոսյանի հետ Մարտունի քաղաքի խանութներից մեկից գողություն կատարելու շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերել: Պայմանավորվածության համաձայն՝ 2018թ. մայիսի 23-ին՝ ժամը 02-ի սահմաններում, նրանք գնացել են նշված վայր: Ըստ դերաբաշխման՝ Ս.Մոսոյանը մնացել է դրսում՝ գողության բարեհաջող ընթացքը և ավարտն ապահովելու համար, իսկ Ռ.Մաթևոսյանը, տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրելով խանութի պատուհանի ճաղավանդակը, ապօրինի մտել է խանութ և հափշտակել տարբեր տեսակի ապրանքներ և կանխիկ գումար:
Քննությամբ պարզվել է նաև Ռ.Մաթևոսյանի կողմից կատարված հանցագործության ևս մեկ դրվագ: Մասնավորապես՝ 2018թ. հունիսի 24-ին, վերջինս, տեղեկանալով, որ նախկին կինը մեկնելու է Ռուսաստանի Դաշնություն, և ծնողները նրան ուղեկցելու են և, հետևաբար, տանը չեն լինելու, մտադրվել է գողություն կատարել նրանց տանից: Իր մտադրությունն իրականացնելու համար նա իր ընկերոջ՝ Ս.Մոսոյանի հետ հունիսի 25-ի գիշերը գնացել նախկին կնոջ՝ Բաղրամյան գյուղում գտնվող հայրական տուն, որտեղից գողացել է առանձնապես խոշոր չափերի՝ 3 512 700 ՀՀ դրամ ընդհանուր արժեքով գումար և ոսկյա զարդեր:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Ս.Մոսոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը), 268-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ) (թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) և 38-177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, իսկ Ռ.Մաթևոսյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (գողություն) և 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով:
Նախաքննությունը ավարտվել է, քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: