Իտալիայում տասնյակ մարդիկ են ձերբակալվել «առցանց-մաֆիայի» դեմ իրականացված գործողության ընթացքում
Իտալիայի իրավապահ մարմինները Եվրոյուստ գործակալության եւ եվրոպական ութ երկրների քննչական մարմինների հետ համագործակցությամբ առցանց-տոտալիզատորների բնագավառում մաֆիական գործունեությանը հակազդելու լայնածավալ գործողություն են անցկացրել:
Այդ մասին լրագրողներին հայտնել է Կազմակերպված հանցավորության եւ ահաբեկչության դեմ պայքարի ազգային վարչության (DNA) ներկայացուցիչը: Հետաքննության ընթացքում, որը DNA-ի կոորդինացմամբ զուգահեռ վարել են հարավիտալական երեք մարզերի՝ Բարիի, Ռեջո-դի-Կալաբրիայի եւ Կատանիայի դատախազությունները, բացահայտվել է այն հանցավոր հանրակցությունների ճյուղավորված ցանցը, որոնք վերահսկում էին սպորտային առցանց-տոտալիզատորների եվրոպական շուկայի զգալի բաժինը՝ 4,5 մլրդ եվրոն գերազանցող խաղագումարների ծավալով:
Գործողության շրջանակներում ոստիկանության, ֆինանսական գվարդիայի եւ կարաբինավորների հատուկ ստորաբաժանումների աշխատակիցները ձերբակալել են 68 մարդու եւ Իտալիայի տարածքում ու արտասահմանում բռնագրավել ավելի քան 1 մլրդ եվրո ընդհանուր գումարի ունեցվածք: Ձերբակալվածների թվում հայտնվել են ոչ միայն մաֆիոզները, այլեւ հանցավոր կազմակերպության մեջ ներքաշված ձեռնարկատերեր: Նրանց մեղադրանքներ են առաջադրվել մաֆիոզ գործունեությանը մասնակցության, խարդախ գործողությունների իրականացման, դրամական միջոցներն անօրինական ճանապարհով արտասահման փոխադրելու, հանցավոր ճանապարհով ձեռք բերված փողերի լվացման եւ մի շարք այլ ծանր հանցագործությունների համար:
Հսկայական եկամուտները, որոնք ստացվել են Համացանցի միջոցով անօրինականորեն արված խաղադրույքներից, հանցագործները ներդրել են անշարժ գույքի մեջ կամ անօրինականորեն փոխանցել են օտարերկրյա բանկերի հաշիվների վրա, որոնք բացվել են դրածոների եւ հատուկ այդ նպատակներով ստեղծված ֆիրմաների անուններով: Ներկայում այդ ունեցվածքի բռնագրավման գործընթացն սկսված է Ավստրիայում, Շվեյցարիայում, Մեծ Բրիտանիայում, Նիդեռլանդներում, Սերբիայում, Ալբանիայում, Իսպանիայում եւ Մալթայում: Իրավապահները խուզարկություններ են կատարում մոտավորապես 80 քաղաքներում: Հետաքննության ընթացքում պարզվել է, որ ժամանակակից մաֆիական խմբավորումների բոսերն աշխարհի լավագույն համալսարաններում ակտիվորեն փնտրել են տաղանդավոր ուսանողների, որպեսզի նրանց գիտելիքներն օգտագործեն Համացանցի միջոցով հանցավոր գործառնություններ իրականացնելու համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: