Երևանում կատարված սպանությունը բացահայտվել է. մեկ անձ կալանավորվել է
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիրի վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են 1984թ. ծնված տղամարդու սպանության դեպքի հանգամանքները: Մեղադրանք է առաջադրվել 1982թ. ծնված քաղաքացու:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2018թ. նոյեմբերի 9-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Հ.Էմին փողոցի տներից մեկի բակից «Արմենիա» ՀԲԿ է տեղափոխվել 1984թ. ծնված Ս.Բարսեղյանը՝ կտրած-ծակած վնասվածքներով, ով վիրահատության ընթացքում մահացել է:
Դեպքի առթիվ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, շարժառիթը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Երևան քաղաքի բնակիչ՝ ծնված 1982 թվականին:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն):
Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ 36-ամյա տղամարդու նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:
Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ սպանության բոլոր հանգամանքները պարզելու, դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի հետազոտումն ապահովելու ուղղությամբ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: