Բահրեյնում բացվել է BIAS-2018 միջազգային ավիասալոնը
Բահրեյնում բացվել է Bahrain International Airshow 2018 (BIAS) միջազգային ավիացիոն ցուցահանդեսը: Ինչպես հայտնել են Մերձավոր Արեւելքում «ամենաերիտասարդ» ավիաշոուի կազմակերպիչները, այս տարի ավիասալոնի մասնակիցների թիվը 2016 թվականի նախորդ ցուցահանդեսի համեմատությամբ 70 տոկոսով աճել է:
Դրան մասնակցում են աշխարհի 15 առաջատար օդատիեզերական ընկերություններից 11-ը, բացվել են չորս նոր ազգային տաղավարներ, ներառյալ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի տաղավարները: Ավելի քան 100 օդանավեր կմասնակցեն ցուցադրական թռիչքներին եւ կցուցադրվեն թռիչքային դաշտում։
Ավասալոնի շրջանակներում Բահրեյնի թագավորական օդային ուժերը կկազմակերպեն Մանամայի ավիացիոն գիտաժողովը, որին կմասնակցեն զինված ուժերի ներկայացուցիչներ ու փորձագետներ ամբողջ աշխարհից: Բացի դրանից, ավիաշոուի շրջանակներում տեղի կունենա ավիացիոն ճյուղում աշխատող կանանց խորհրդաժողով: Միջազգային ավիասալոնը Բահրեյնում անցկացվում է 2010 թվականից յուրաքանչյուր երկու տարին մեկ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: