«Պետությունը խրախուսելու է նման ցանցերի տեղադրումը». Գեղամ Գևորգյան
Գյուղատնտեսության ապահովագրության համակարգի պիլոտային ծրագիրը Հայաստանի 2-3 մարզերում կներդրվի 2019թ.: Այս մասին ԱԺ-ում հաջորդ տարվա պետական բյուջեի նախագծի քննարկմանն ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը:
«Բնական աղետների ռիսկերի նվազեցման նպատակով մի շարք միջոցառումներ են նախատեսվում: Արդեն երկու տարի այս գործըթնացը շարունակվում էր: Հաջորդ տարվանից ներդրվելու է գյուղատնտեսության ապահովագրության համակարգ: Լինելու է պիլոտային ծրագիր: Այն կլինի երկու կամ երեք մարզում` երկու կամ երեք մշակաբույսի համար»,-ասաց նախարարի պաշտոնակատարը:
Միջազգային խորհրդատուները վերջնական փաթեթի մշակումը, ապահովագրական ընկերությունների հետ քննարկված տարբերակը կներկայացնեն արդեն նոյեմբերին:
Գևորգյանն անդրադարձավ նաև հակակարկտային կայանների հարցին: Նա նշեց, որ պետք է հասկանալ հակակարկտային համակարգերի արդյունավետությունը և ցանցի ստեղծման նպատակահարմարարությունը:
«Արդյունավետ մոտեցումը հակակարկտային ցանցի ներդրման համար պետական աջակցության տրամադրումն է: Բայց պետությունը խրախուսելու է նման ցանցերի տեղադրումը»,-նշեց նախարարի պաշտոնակատարը:
Նա նկատեց, որ Հայաստանում այսօր արդեն արտադրվում են այդ ցանցերը, և շուկան ֆերմերներին հնարավորություն տալիս է օգտագործել դրանք: