ՊԵԿ-ը 2019 թվականին նախատեսում է սկսել ֆիզիկական անձանց հայտարարագրումը
Պետական եկամուտների կոմիտեն կարևորում է Հայաստանի Հանրապետությունում հարկ վճարելու մշակույթի ձևավորումը. ՊԵԿ-ը 2019 թվականին նախատեսում է սկսել ֆիզիկական անձանց համատարած հայտարարագրման գործընթացը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը այս մասին նշեց ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը` ներկայացնելով ՊԵԿ-ում տեղեկատվական տեխնոլոգիաների ուղղությամբ 2018 թվականին իրականացված աշխատաքները և առաջիկայում նախատեսվող միջոցառումները:
«Այսօր Պետական եկամուտների կոմիտեն, ունենալով հզոր էլեկտրոնային կառավարման համակարգեր, հնարավորություն ունի Հայաստանի Հանրապետությունում ձևավորել հարկ վճարելու մշակույթ: Տարիներ շարունակ հարկերը վճարվել են, այսպես ասած, «ուզած-չուզած», բայց մենք պետք է ձևավորենք մշակույթ: Պետք է հարկ վճարողների համար` սկսած ֆիզիկական անձից մինչև ամենախոշոր կազմակերպություն հասկանալի, պարզ, տրամաբանական լինի ,թե որ հարկը ինչի համար է վճարում»,- ասաց Փաշայանը:
Նրա խոսքով` առաջին հերթին պետք է հարկ վճարողին հասկանալի և պարզ լինի օրենսդրությունը:
«Այսինքն` հարկ վճարողը պետք է կարողանա կարդալ և հասկանալ, որ օրինակ, այս կամ այն գույքը վաճառելու դեպքում նա պարտավոր է պետությանը վճարել այսքան հարկ, և այդ հարկերը օգտագործվելու են x ուղղություններով»,- նշեց Փաշայանը:
Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալը տեղեկացրեց, որ ՊԵԿ-ը 2019 թվականին նախատեսում է սկսել ֆիզիկական անձանց համատարած հայտարարագրման գործընթացը, որը հարկ վճարելու մշակույթ կձևավորի Հայաստանում:
«Աշխարհի բոլոր զարգացած երկրներում այդպիսի համակարգ ներդրված է: Մինչև այս կարծել ենք, որ ֆիզիկական անձնանց հարկերը բացառապես պետք է վճարվեն հարկ վճարողի կողմից, բայց կարծում ենք, որ այսօրվա մեր տեխնոլոգիաները, էլեկտրոնային կառավարման համակարգը թույլ կտա ներդնելու այդ համակարգը, ինչպես նաև մեր բնակչությունը պատրաստ է սկսել հայտարարագրել հարկերը: Դա նոր մշակույթ կձևավորի Հայաստանում»,- ասաց Փաշայանը: