««Կարմիր գծերի» հետ կապված՝ պետք է տոտալ կերպով վերանայվեն մոտեցումները». Հայկ Մարության
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով «կարմիր գծերին» և այն խոսակցություններին, որ նախկինում քննադատում էր դրանք, իսկ քաղաքապետ դառնալուց հետո որոշել է «կարմիր գծերից» գոյացած գումարն ուղղել մանկապարտեզների բարեկարգմանը, նշեց, որ «կարմիր գծերի» հետ կապված՝ պետք է տոտալ կերպով վերանայվեն մոտեցումները և գան ընդհանուր հայտարարի, որը ձեռնտու կլինի մայրաքաղաքի բնակիչներին։
Անդրադառնալով 168.am-ի այն հարցին, թե այսօր քաղաքապետարանի օրակարգում կա՞ Լենինգրադյան փողոցը Արցախյան ազատամարտի հերոս Լեոնիդ Ազգալդյանի անունով անվանակոչելու հարց, Մարությանը պատասխանեց, որ նման հարցերը քննարկում են իրենց դաշինքում.
«Այս պահին նման քննարկում չկա, երբ կլինեն քննարկումներ, այն ժամանակ հարցին հստակ պատասխան կտամ»։
Խոսելով փողոցային առևտրի մասին, քաղաքապետն ընդգծեց, որ փողոցում իրականացվող առևտուրն ապօրինի է, սակայն հասկանալով բնակչության սոցիալական վիճակը, այս պահին քաղաքապետարանը քննարկման փուլում է գտնվում փողոցային առևտրով զբաղվողների հետ։
Զվարթ Խաչատրյան