«Հողազավթումն ավարտվեց, տղերք». Արթուր Մեսչյանը` ապօրինի շինությունների մասին
Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Նոր Նորքում երկհարկանի շինության ապամոնտաժմանը, որը շատերի մոտ զայրույթ էր առաջացրել, նշեց, որ այն հողազավթման ամենակոպիտ տարբերակն էր:
«Բազմիցս զգուշացրել էինք՝ մի՛ արեք, ոչ մեկին չլսեցին, գնում, բողոքում էին, բայց երբ ոստիկանները հեռանում էին, շինարարությունը սկսում էին. գիտեք ինչ, ամեն ինչն էլ չափ ունի, էլի: Դուք մի կարծեք, թե ես մեծագույն հաճույքով եմ ընդունում, երբ բուլդոզերը հարվածում է պատին, սա շատ վատ բան է, բայց մի հասցրեք դրան: Ես ուզում եմ, որ մենք հասկանանք, եթե մի բան է ասվում ապօրինի շինության վերաբերյալ, ապա դա հեռուստատեսային ծրագիր չէ, գիր չէ, շոու չէ, ամեն ասած նախադասություն ունի որոշակի պատասխանատվություն, ուղղակի մի արեք»,- ասաց Ա. Մեսչյանը:
Նա նաև տեղեկացրեց, որ մինչև այսօր կառուցված ապօրինի շինությունների խնդիրն ուրիշ է, որպես Երևանի գլխավոր ճարտարապետ՝ ինքը պատասխանատու է այն ապօրինի շինությունների համար, որոնք կառուցվել են պաշտոնը ստանձնելու օրվանից սկսած:
«Այսօրվա այն քաղաքացին, որը պատրաստվում է ապօրինի շինարարություն, հողազավթում անել, մի արեք, որովհետև այն չի օրինականացվելու: Բայց սա չի նշանակում, որ ընդհանրապես օրինականությունը վերանալու է, չէ, նման բան չկա, որովհետև շատ մարդիկ կան, որոնք գտնվում են ծանրագույն սոցիալական վիճակում և ժամանակին կարողացել են ինչ-որ բան կառուցել, որպեսզի ընտանիքը մեջն ապրի, ես ի՞նչ բարոյական իրավունք ունեմ նրանց տները չօրինականացնելու:
Նախկինում մարդիկ ապօրինությունների ճանապարհով գնացել են պարզ մի պատճառով, քանի որ կատարվում էր խայտառակը, այն մարդիկ, որոնք պետք է հսկեին, որ ապօրինի շինարարություն չարվի, քաջալերում էին և գնում էին ապօրինի շինարարության՝ ոստիկանությունը, թաղապետերը, բոլորը մեղավոր են: Նախկինի փորձն իմանալով՝ կարող եմ մեկ բան ասել, իսկապես իրավիճակը փոխվեց, խնդրում եմ, սիրելի երևանցիներ, եթե որոշում եք շինարարություն անել, բոլոր հնարավորություններով կնպաստենք ամբողջ շինարարության գործընթացին, ապօրինի մի արեք, տղերք, մենք ձեզ բոլոր հարցերով կօգնենք, եկեք նախագիծը հաստատենք, նորմալ շինարարություն արեք»,- հորդորեց Երևանի գլխավոր ճարտարապետը:
Արթուր Մեսչյանի խոսքով՝ ապօրինի շինությունների համար պետք է մեկ առ մեկ տարբերակներ մշակվեն: Նրա բնորոշմամբ, այնպես չէ, որ մեկ դանակով բոլոր հարցերը կարելի է լուծել. «Հազարավոր տարբերակներ կան, կան մարդիկ, որոնց պետք է ներեն, կան մարդիկ, որոնց շինություններն անպայման պետք է քանդել, որովհետև այնպիսի լկտի բաներ են արել, որոնց մասին հնարավորություն չունեմ այսպես խոսել: Իմացեք, հողազավթումը գողություն է երկրից, մեր ունեցվածքի գողությունն է, մի արեք նման բան, հողազավթումն ավարտվեց, տղերք, մեկ քառակուսի մետր հող ապօրինի մի զավթեք, որովհետև խնդիր եք ունենալու, և մոռացեք, թե հետագայում կարող եք օրինականացնել»,- եզրափակեց Արթուր Մեսչյանը:
Զվարթ Խաչատրյան