Բաժիններ՝

Կամո Արեյանը զարմանում է, թե ինչու են քաղաքացիներն ապօրինի շինությունն ապամոնտաժելուց հետ նման վարքագիծ դրսևորում և դժգոհում

Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանի խոսքով՝  խորհրդական նշանակավելուց հետո հասցրել է քաղաքապետ Հայկ Մարությանին բազմաթիվ խորհուրդներ տալ:

Չմանրամասնելով, թե կոնկրետ ինչ խորհուրդներ է տվել, Կամո Արեյանը միայն նշեց, որ խորհուրդները եղել են ընթացիկ և հեռանկարային:

Անդրադառնալով նոյեմեբերի 12-ին Երևանի Նոր Նորք համայնքում երկհարկանի շինության ապամոնտաժմանը, Կամո Արեյանը շեշտեց, որ այն իր խորհրդով չի քանդվել, այլ օրենքով սահմանված գործառույթ էր, ինչը նրա կարծիքով՝  շատ ճիշտ էր:

«Այսօր արգելվում է ապօրինի շինությունը՝ անկախ այն բանից՝ ով է սեփականատերը, հողը սեփակա՞ն է, թե՞ համայնքային, քաղաքաշինական որևէ գործունեություն պետք է իրականացվի քաղաքաշինական օրենսդրությամբ նախատեսված ընթացակարգերով՝ քաղաքաշինական համապատասխան փաստաթղթերի առակայությամբ:

Կարդացեք նաև

Քաղաքապետարանում ստեղծված են շատ բարենպաստ պայմաններ օրինական գործընթացով անցնող քաղաքաշինական բոլոր գործընթացների համար, եթե դրանք օրինական են, ապա սահմանված կարգով որևէ խոչընդոտ չկա, որևէ մեկը չի հանդիպի խոչընդոտի իր գործունեության ընթացքում»,- ասաց Կ. Արեյանը և ընդգծեց, որ ապամոնտաժված շինությունը եղել է բացառապես ապօրինի և քաղաքապետարանի բոլոր գործողությունները եղել են իրավաչափ:

«Դեմ ենք ապօրինի հողազավթումներին և  կոչ ենք անում մեր քաղաքացիներին զերծ մնալ ապօրինություններից և հողազավթումներից, հակառակ դեպքում՝ կպատժվեն օրենքի ողջ խստությամբ:

Չեմ ասում, թե նախկինում ապօրինություններ չեն եղել, եղել են հողազավթումներ, ապօրինի շինություններ , բայց այսօր խնդիրը շատ հստակ է դրված՝ բացառել ապօրինի հողազավթումները: Այս երևույթը միշտ էլ եղել է, բայց նման բաները այսուհետև պետք է բացառել»,- շեշտեց Կամո Արեյանը:

Ըստ նրա, Երևանի բոլոր քաղաքապետերն էլ ունեցել են կամք վերջ դնելու ապօրինի շինություններին և նախկինում էլ են քանդման աշխատանքներ եղել:

Կամո Արեյանը նաև նկատեց, որ զարմանում է, թե ինչու են քաղաքացիները ապօրինի շինությունն ապամոնտաժելուց հետ նման վարքագիծ դրսևորում և դժգոհում:

Զվարթ Խաչատրյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս