«Երաշխիքներ չկան, որ մի օր Ադրբեջանը չի փորձի Հայաստանի գյուղերը կանոնավոր հրթիռակոծել. նախապես պետք է պատրաստվել». Կարեն Վերանյան
«Վերջին տասնամյակում Նախիջևանի թեման միանշանակ ակտուալ է դարձել, այսինքն՝ ռազմաքաղաքական և ռազմականացման վեկտորն է հիմնականում ակտիվացել։ Թուրքիան և Ադրբեջանը փորձում են արցախյան ճակատին զուգահեռ՝ սահմանային լարվածության նոր օջախ առաջացնել նախիջևանյան ուղղությամբ»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Տարածաշրջանային հարցերով փորձագետ Կարեն Վերանյանը։
Մարտահրավեր՝ Երևանին
Նրա խոսքով՝ Թուրքիան և Ադրբեջանը փորձում են Հայաստանի ռազմական պոտենցիալը կենտրոնախույզ իրավիճակով հնարավորինս թուլացնել և սպառնալիքի տակ պահել Հայաստանի անմիջական պաշտպանական անվտանգությունը՝ մարտահրավեր նետելով նաև Երևանին. «Այս առումով՝ ժամանակ առ ժամանակ Ադրբեջանը փորձում է նախիջևանյան ուղղությամբ լարվածությունը մեծացնել, բայց դրանք ոչ կանոնավոր բնույթ են կրում։ Բայց կարծում եմ՝ ներկայիս իշխանություններն իրավիճակին լավ տիրապետում են և փորձում են հնարավորինս համարժեք արձագանքել այդ ուղղությամբ նետվող մարտահրավերներին»։
«Ապատեղեկատվություն է»
Նախիջևանի թեմայով եկող հիմնական տեղեկատվական հոսքերը, ըստ փորձագետի՝ Նախիջևանի ներսից ու Թուրքիայից են. «Այսինքն՝ աղբյուրը հիմնականում թուրք-ադրբեջանական է, և այդ աղբյուրի վրա միանշանակ հենվելը սխալ է։ Իրենք եթե փորձում են հարցը ներկայացնել այնպես, որ միանշանակ նախիջևանյան ուղղությամբ իրենք դիրքեր են առաջ տվել, և հայկական կողմը համարժեք քայլեր չի ձեռնարկել, դա ապատեղեկատվություն է, որը Բաքվի ձեռագիրն է։ Հայկական կողմը համարժեք հակաքայլեր է անում այն քաղաքականությանը, որ Ալիևը տանում է Արցախում և փորձում ակտիվացնել նաև Նախիջևանում։ Բայց պետք է նախիջևանյան զարգացումներն ուշադրության կենտրոնում պահել, որովհետև ինչքան գնա՝ թեման ակտուալ է դառնալու, և այդ ակտուալացումը ռազմական վեկտոր է հետապնդում»։
«ՀՀ Զինված ուժերը պատրաստված են»
Հարցին՝ նախընտրական շրջանում Էրդողանի հայտարարած նոր Թուրքիայի քարտեզում Նախիջևանն ընդգրկված էր Թուրքիայի կազմում, Ադրբեջանի և Թուրքիայի միջև Նախիջևանի մասով հնարավո՞ր է՝ խնդիրներ առաջանան, նա պատասխանեց, որ լուրջ խնդիրներ այդ երկու երկրի միջև չեն կարող առաջանալ.
«Պատմությունը ցույց է տալիս, որ թուրք-ադրբեջանական զույգը համատեղ է իրականացնում իր ռազմավարական ծրագրերն ու նպատակները։ Այնպես որ, նախիջևանյան թեման, արցախյան հիմնախնդիրը, այն հարցերը, որոնք վերաբերում են հայությանը, Հայաստանի անվտանգությանը, առանց լուրջ խորքային խնդիրների՝ իրենց հարցերը համատեղ են իրականացնում։ Թուրքիան հակաադրբեջանական քայլեր չի իրականացնի Նախիջևանում։ Հատկապես Էրդողանն Ադրբեջանի հետ համատեղ ծրագրերում բավական խոհեմ քաղաքականություն է իրականացնում՝ փորձելով Հայաստանին մեկուսացնել քաղաքական, տնտեսական տարբեր ծրագրերից։ Բայց որքան ակտիվանա նախիջևանյան թեմատիկան, ՀՀ Զինված ուժերը բավականին լավ են պատրաստված։ Կարծում եմ՝ ՀՀ ներկա իշխանությունները կփորձեն հնարավորինս դիվերսիֆիկացնել զենքի մատակարարումների հետ կապված հարցերը, հիմա արդեն ամերիկյան կողմն է առաջարկությամբ հանդես եկել, դա կբերի զինված ուժերի մարտունակության բարձրացմանը»։
Քաղպաշտպանությունը կարևոր է
Կարեն Վերանյանի դիտարկմամբ՝ Ալիևը փորձում է Հայաստանի ընտրական գործընթացը, հետհեղափոխական իրավիճակն օգտագործել և լարվածություն հրահրել Հայաստանում. «Դա նորություն չէ, ալիևյան կլանը մշտապես օգտագործել է դա, բայց պետք է սթափ լինել ու չտրվել էմոցիաներին։ Ամեն դեպքում, սահմանային լարվածություն կա, լարվածությունն այսօր վերահսկելի է, և կարծում եմ՝ շատ ավելի մեծ ռեսուրսներ ու հնարավորություններ կան ոչ միայն՝ սահմանային անվտանգության արդյունավետությունը բարձրացնելու, այլև՝ թիկունքի պաշտպանության հարցերով զբաղվելու։ Երաշխիքներ չկան, որ մի օր Ադրբեջանը փորձ չի կատարի Հայաստանի գյուղերը կանոնավոր կերպով հրթիռակոծել։
Այնպես որ՝ նախապես պետք է պատրաստվել նաև այդ հարցերին։ Քաղաքացիական պաշտպանության հարցերով համակարգային բնույթ կրող գործողություններ պետք է իրականացվեն։ Վաղ թե ուշ այդ խնդիրը մեր առջև ծագելու է, հակառակորդը հնարավոր բոլոր միջոցները կարող է օգտագործել՝ խախտելու այն ստատուս-քվոն, որ կա արցախյան ուղղությամբ, խախտելու այն քաղաքական ստատուս-քվոն, որ կա տարածաշրջանում, այդ թվում՝ նախիջևանյան ուղղությամբ։ Հայկական կողմը պետք է փորձի թե՛ դիվանագիտական, թե՛ հանրային ճանապարհներով այս հարցերը բարձրացնել, հնարավորինս մոբիլիզացնել հանրությանը նման հարցերի շուրջ»։
Նա նկատեց՝ օրինակ՝ Շվեյցիարիայում, Իսրայելում յուրաքանչյուր ընտանիք գիտի՝ ինչպես պաշտպանվել, քաղապաստարանների հարցը լուծված է այնտեղ.
«Պետությունը հատկացնում է որոշակի գործողությունների պլան, և իրենք շարժվում են՝ ըստ այդ պլանի, եթե, օրինակ՝ տագնապ է լինում։ Սահմանային անվտանգության պաշտպանությունը շատ կարևոր է, բայց պետք է հատկապես ուշադրություն դարձնել թիկունքի ապահովման հարցերին, որովհետև այն տեխնիկան, որ ձեռք է բերվում Ադրբեջանում, դրանք հարձակողական բնույթի զենիթահրթիռային տեխնիկաներ են»։