Ինչպե՞ս «հուշտ անել» ներդրողներին կամ… «Ոչխար պահեք»
Մինչ Հայաստանում բազմաթիվ վերլուծաբաններ քննարկում են նեդրումների, մեղմ ասած, պրոբլեմատիկ վիճակը և փորձում ելքեր գտնել ստեղծված փակուղուց դուրս գալու համար, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն իր գործուն մասնակցությունն է ունենում ներդրումների շարունական նվազման գործընթացին:
Նոյեմբերի 8-ին վարչապետի Փաշինյանը մեկնել էր Ղազախստան՝ մասնակցելու ՀԱՊԿ խորհրդի նիստին, և, ըստ պաշտոնական լրահոսի, առիթը բաց չէր թողել հանդիպելու նաև տեղի հայ համայնքի և գործարարների հետ, նրանց հետ քննարկելու սփյուռքի ներուժն ի նպաստ Հայաստանի զարգացման օգտագործելու հարցերը: Հանդիպումն, ինչ խոսք, բավականին հետաքրքիր ստացվեց և զերծ չմնաց Փաշինյանին բնորոշ բարձր տոնայնությամբ ելույթներից: Իր ելույթի ընթացքում վարչապետի պաշտոնակատարն անկեղծության քողի տակ պատմում էր, որ Հայաստանում ընդամենը 350 հազար աշխատող կա, իսկ մնացած 800 հազարը, այսպես ասած, «անբաններ» են, և գործարարներն անգամ 2 մարդ չեն գտնում, որպեսզի աշխատանքի ընդունեն:
Առաջին 2 հարցերը, որ այստեղ անհրաժեշտ է բարձրաձայնել, զուտ տեխնիկական բնույթի են: Առաջին հերթին, Նիկոլ Փաշինյանը մեծ ոգևորության ազդեցության տակ կրկին խառնում է թվերը: Նախ, նշում է աշխատել չցանկացողների 800 հազար թիվը, հետո նշում, որ սոցիալական օգնություն ստացողների թիվը 350 հազար մարդ է: Այստեղ անհասկանալի է դառնում՝ իսկ մնացած 550 հազարն ի՞նչ մեղք ունեն:
Ինչ վերաբերվում է 2-րդ տեխնիկական հարցին, դա այն է, որ Փաշինյանի ասածն ընդհանրապես նորություն չէ մեր իրականության մեջ: Այս նույն շեշտադրումով, բայց մի փոքր ավելի մեղմ թվերով խնդիրը բարձրաձայնել են և՛ Կարեն Կարապետյանը, և՛ Սերժ Սարգսյանը, և ավելի վաղ անցյալում՝ Տիգրան Սարգսյանը:
Ի դեպ, այս բոլոր հայտարարություններին էլ այն ժամանակ ընդդիմադիր պատգանավոր և լրագրող Նիկոլ Փաշինյանը թե՛ իր հոդվածներով, թե՛ ելույթներով շատ բուռն քննադատել է և մեղադրել այն ժամանակվա իշխանություններին:
Ինչևէ, մի կողմ թողնելով այս տեխնիկական հարցերը` անդրադառնանք խնդրի բուն բովանդակությանը:
Պարոն վարչապետ, դուք նկատե՞լ եք, որ Ազգային ժողովում չեք, ոչ էլ կառավարության շենքի ձեր աշխատասենյակում: Հասկանո՞ւմ եք, որ դուք արտերկրում եք, դուք հանդիպում եք տեղի համայնքին և ներկայացնում եք երկրի խճանկարը: Այդ դահլիճում նստած են նաև տեղի հաջողակ հայ գործարարներ, որոնց դուք րոպեներ առաջ կոչ էիք անում գալ Հայաստան, ներդրումներ անել և հարյուրավոր աշխատատեղեր ստեղծել: Հետաքրքիր է, երբ ձայնի տոնայնությունը բարձրացնելով՝ նրանց պատմում եք, որ Հայաստանում 800 հազար մարդ անբան է և 25000 դրամ նպաստ ստանալու համար չի աշխատում, դուք իսկապե՞ս հույս ունեք, որ այդ խոսքերից հետո որևէ մեկը Հայաստանում ներդրում է անելու: Երբ ասում եք՝ գործարարը 2 աշխատող չի կարողանում գտնել, սպասում եք, որ երկրի թիվ մեկ պաշտոնյայից այդ խոսքերը լսած բիզնեսմենը գալու է ու 100-ավոր աշխատատեղե՞ր է ստեղծելու: Եթե այդպիսի սպասելիքներ ունեք, ապա շտապենք ձեզ հիասթափեցնել և արթնացնել էյֆորիկ թմբիրից: Ձեր այդ խոսքերը ճիշտ հակառակ ազդեցությունն են ունենում: Այն, ինչ դուք խոսում եք բարձր տոնայնությամբ, ուղղակի, ինչպես ասում են, հուշտ է անում բոլոր ներդրողներին:
Այս իրավիճակում մեզ միայն մնում է Ձեզ մի պարզ բան խնդրել. եթե չեք կարողանում ներդրումներ ներգրավվել, խնդրում ենք գոնե ապագա ներդրողներին հուշտ մի արեք: Ու մի բան էլ. 800 հազար քաղաքացու անբան անվանելով՝ դուք ապացուցում եք, որ հենց այդ անբաններն են ձեզ վարչապետ սարքել: Եվ, ըստ Ձեր խոսքերի, ստացվում է, որ այդ մարդիկ «քուչում պարապ կանգնելու փոխարեն» եկել և հրապարակում են կանգնել, փողոցի մեջտեղն են կանգնել ու Ձեզ սարքել են վարչապետ, ու դրա համար էլ հեղափոխությունից, ձեզանից պահանջում են, որ անբանությամբ հիմա ավելի լավ ապրեն:
Ինչ վերաբերվում է աշխատանք չունենալուն, ապա ասացեք խնդրեմ, Ձեր մատնանշած 2 աշխատող փնտրող երևակայական գործարարներից բացի, Հայստանում քանի՞ ազատ աշխատատեղ կա: Այդ 800 հազարին բազմաբնույթ աշխատանքների հնարավորություներ առաջարկեցիք մրցունակ աշխատավարձով, ու բոլորը նախընտրեցին 25000 դրամ նպա՞ստը ստանալ… Այդ ե՞րբ ստեղծեցիք հազարավոր աշխատատեղեր, որ մարդիկ էլ չաշխատեցին: Չնայած ի՞նչ ստեղծելու մասին է խոսքը, երբ վերջին 6 ամսում դուք լրիվ հակառակն եք անում: Ինչպե՞ս ստեղծեք, եթե նույն ձեր թեթև ձեռքով 2000 աշխատատեղ Ամուլսարում է կրճատվելու, 700 աշխատատեղ՝ Ալավերդիում, 500-ից ավել աշխատատեղեր էլ` Թեղուտում… նույնիսկ չենք խոսում դրանից բխող մնացած աշխատատեղերի փակվելու մասին:
Նոր աշխատատեղեր ստեղծելու փոխարեն Դուք եղածն եք փակում, ու գործազուրկին աշխատանք ցույց տալու փոխարեն այս 6 ամսում միայն մի խորհուրդ եք տվել՝ «Ոչխար պահեք…»։ Թերևս պահի տակ Դուք էլ եք մոռացել, որ մայիսի 8-ին Ազգային ժողովի ձեր ելույթի ժամանակ հնչեցված եղջերավոր անասունների ինքնաարտահանվելու միֆն ընդամենը հորինվածք էր, և ոչխար պահելով՝ բնակչության կենսամակարդակը հաստատ չի բարելավվելու:
Մաքսիմ Մուսինյան