«Հո դու անամոթ չե՞ս».Պարույր Հայրիկյանը՝ Նիկոլ Փաշինյանին
ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի խոսքով՝ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության ընթացքում անդրադարձ չեղավ ամենակարևոր հարցերից մեկին՝ Սահմանադրությանը։ Ըստ նրա՝ մինչև հեղափոխությունը Հայաստանում առկա քաղաքական բոլոր ուժերը պետք է խոսեին ընդունված Սահմանադրության մասին, որը սահմանափակում է քաղաքացիների իրավունքները: Ավելին, ըստ նրա՝ պետք է խոսեին նաև այն մասին, որ եղել է Սահմանադրության այլընտրանք, համաձայն որի՝ ընդլայնվում էին քաղաքացիների իրավունքները, ինչը, սակայն, իշխանությունների կողմից միտումնավոր անտեսվել է։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21-ին Պարույր Հայրիկյանը հայտնել էր, որ ԱԻՄ-ն օգոստոսի 29-ին կառավարությանն է ներկայացրել սահմանադրության նախագիծ: Նա նաև նշել էր, որ հենց այդ նույն նախագիծն է, որ 2015 թ. սահմանադրական բարեփոխումներից առաջ ներկայացվել էր՝ որպես այլընտրանքային սահմանադրություն։ ԱԻՄ առաջնորդի դիտարկմամբ՝ Ն. Փաշինյանը միշտ խոսում է, որ երկիրը պետք է պատկանի ժողովրդին, բայց չգիտի՝ ինչպես: Ուստի իր ներկայացրած նախագծով նա ցույց է տալիս այդ ճանապարհը։
«Նախնական փուլում չէի հասկանում, թե ինչ է կատարվում, ինչպես կարելի է հրապարակավ հայտարարել, որ այլընտրանք չկա, այն դեպքում, երբ այն գոյություն ունի, չէ՞ որ բոլորը, այդ թվում՝ լրատվամիջոցների ներկայացուցիչներն են տեսել, թե մենք ինչպես ենք սահմանադրական հանձնաժողովին ներկայացնում մեր տարբերակը։ Հետո հասկացա, որ նախկին դավադիր իշխանություններն իրենց հույսը դրել էին մրցակցության բարդույթի վրա, ի վերջո, ԱԻՄ-ի նկատմամբ բոլորը բարդույթավորված են։
Քաղաքական դաշտում միայն մեկ գործիչ՝ Ալբերտ Բաղդասարյանը խոսեց մեր ներկայացրած այլընտրանքի մասին, նա էլ ասում էր, թե կարող են մեր տարբերակը քննարկել ու մերժել։ Հնարավոր չէր այն մերժել, սահմանադրության այդ տարբերակը հետո պետք է ուղարկվեր Վենետիկի հանձնաժողով, որտեղ պետք է անձնատուր լինեին և աշխարհով մեկ կսկսեին ընկալել բացարձակ ժողովրդավարության գաղափարը»,- նշեց Պ. Հայրիկյանը:
Նրա խոսքով՝ նույնը տեղի ունեցավ նաև հեղափոխությունից հետո. «Նույն «նախանձիկներից» մեկը՝ Նիկոլ Փաշինյանը, անտեսեց առաջինն իրեն աջակցելու հանգամանքը և չկամեցավ անդրադառնալ Սահմանադրությանը, ի՞նչ նկատառումներով, ո՞ւմ թելադրանքով՝ չգիտեմ, բայց փաստ է, որ նա ամենավատ բանն արեց, որ կարող էր արվել որևէ հեղափոխության ժամանակ»,- շեշտեց ԱԻՄ առաջնորդը։
Անդրադառնալով առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին և Ընտրական օրենսգրքին՝ Պարույր Հայրիկյանն ասաց, որ Կառավարության ներկայացրած ծրագրի առաջին բաժնով նախատեսված է եղել, որ ընտրությունները պետք է տեղի ունենան նոր Ընտրական օրենսգրքով, որպեսզի ընտրությունները լինեն ազատ, արդար և թափանցիկ։
«Սակայն անցնում է մի քանի ամիս վարչապետի խուճապային տրամադրություններին տրվելու հետևանքով, երկրում ստեղծվում է արհեստական լարվածություն, քանի որ խորհրդարանն առանց նրա հետ համաձայնեցնելու՝ ընդունել էր որոշում։ Դրանից հետո նա ժողովրդին հավաքեց խորհրդարանի մոտ, թե իբրև երկիրը կործանվում է, և հանկարծակի տեղում որոշում ընդունեց, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները պետք է տեղի ունենան դեկտեմբերին։ Կառավարության ծրագրում նշված է, որ ընտրությունները պետք է լինեն մեկ տարվա ընթացքում, բայց որպես պարտադիր պայման՝ նշված է, որ ընտրությունները պետք է լինեն Ընտրական նոր օրենսգրքով։ Ու հանկարծ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ՝ գլուխս տաքացած ժամանակ ասել եմ, որ դեկտեմբերին պետք է լինեն ընտրությունները, ուրեմն այդպես էլ պետք է լինի, տղա ջան, վարչապետ ես, օրենք կա, որը քո նախաձեռնությամբ է ընդունվել, հո դու անամոթ չե՞ս, այս աստիճանի անշնորհք չի կարելի լինել»,- նշեց Պարույր Հայրիկյանը:
Նա նաև հիշեցրեց, որ ժամանակին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ, եթե ընտրություններին գնան հին Ընտրական օրենսգրքով, ապա լինելու են ոչ արդար ընտրություններ։
Պարույր Հայրիկյանի բնորոշմամբ՝ Նիկոլ Փաշինյանն «իր աթոռապաշտությամբ ժողովրդին չի կարող բարիքներ խոստանալ», և այս պայմաններում արտահերթ խորհրդարանական ընտրությունները կլինեն Հայաստանի ամենախայտառակ ընտրություններից մեկը։
Մանրամասները՝168.am-ի տեսանյութում
Զվարթ Խաչատրյան