«ՀԱՊԿ անդամ երկրները չեն համաձայնի, որ Հայաստանը շարունակի պաշտոնավարել ՀԱՊԿ քարտուղարի պաշտոնում»

«Կիսում եմ ՀՀ պաշտպանության նախարարի այն մոտեցումները, որ ՀԱՊԿ-ում քարտուղարի պաշտոնում պետք է Հայաստանը շարունակի պաշտոնավարումը։ Սակայն ինքս այդքան էլ վստահ չեմ, որ ՀԱՊԿ մյուս անդամներն այս ամենի հետ կարող են համաձայնել»,- անդրադառնալով նոյեմբերի 8-ին Աստանայում քննարկվելիք ՀԱՊԿ քարտուղարի ընտրության հարցին՝ նշեց ՀՅԴ Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը։

Նրա խոսքով՝ ՀԱՊԿ-ի նկատմամբ Հայաստանի ցուցաբերած վերաբերմունքի պատճառով ՀՀ-ն կարող է զրկվել նոր թեկնածու ունենալու հնարավորությունից, քանի որ, ըստ նրա՝ Յուրի Խաչատուրովի նկատմամբ տեղի ունեցած գործողությունները, եթե նույնիսկ ՀՀ նպատակներն այլ էին, մեկնաբանվեցին՝ որպես կառույցի նկատմամբ վիրավորանք, և դա անելուց առաջ Հայաստանում հաշվի չառան հետագա քայլերը
Ինչ վերաբերում է այն խոսակցություններին, թե Ադրբեջանը կարող է անդամակցել ՀԱՊԿ-ին, Կիրո Մանոյանը նկատեց, որ Ադրբեջանն առանց Հայաստանի համաձայնության՝ չի կարող դառնալ կառույցի անդամ։

«Ադրբեջանը միշտ էլ նման փորձեր կանի, ոչ թե նրա համար, որ մեծ ցանկություն ունի դառնալու ՀԱՊԿ-ի անդամ, այլ նրա միակ ցանկությունը Հայաստանին անհանգստացնելն է։ Կարծում եմ՝ Ռուսաստանը, եթե ոչ՝ ՀԱՊԿ մյուս անդամ երկրները, շահագրգռված են այսպիսով Ադրբեջանին ցույց տալ, որ կարող է դառնալ ՀԱՊԿ անդամ հակառակ նպատակներով՝ սիրաշահելով նրան։ Համոզված եմ, որ Ադրբեջանը չի կարող դառնալ ՀԱՊԿ անդամ այնքան ժամանակ, քանի դեռ այդ կառույցի անդամ է Հայաստանը։  Ադրբեջանն ուղղակի Հայաստանի սպառնալիքներից մեկն է, հետևաբար՝ չի կարող լինել մեր անվտանգության համակարգի մի մաս»,-  ընդգծեց Կիրո Մանոյանը։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս