«Հայաստանի վրա ճնշումները կշարունակվեն, որպեսզի Իրանի հետ հարաբերությունները հասցվեն նվազագույնի». Կիրո Մանոյան

ՀՅԴ Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանի խոսքով՝ Իրանի հետ կապված ԱՄՆ խնդիրը մտահոգիչ է։ ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների պատճառով հնարավոր է՝ հարցեր առաջանան ԱՄՆ-ի և Եվրամիության միջև, սակայն Իրան-ԱՄՆ խնդրի գոյությունը փաստ է։

Ըստ նրա՝ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի տարածաշրջանային այցի հիմնական նպատակն այն էր, որ տարածաշրջանի երկրներին զգուշացներ այդ խնդրի մասին։

«Կարծում եմ՝ Հայաստանի վրա ճնշումները կշարունակվեն, որպեսզի Իրանի հետ հարաբերությունները հասցվեն նվազագույնի, քանի որ Միացյալ Նահանգներն այդպես է որոշել։ Այլ հարց է, թե որքանով է արդար կամ անարդար ԱՄՆ-ի որոշումը, որովհետև, եթե Եվրամիությունը չի կիսում ԱՄՆ-ի մոտեցումը, ապա սա խոսում է այն մասին, որ Միացյալ Նահանգներն այս որոշումը կայացրել է  միայնակ»,- նշեց Կ. Մանոյանը։

Անդրադառնալով ԱՄՆ-Իրան հարաբերությունների համատեքստում Հայաստանի դիրքորոշմանը, Կիրո Մանոյանը նկատեց, որ հնարավոր չէ այնպես անել, որ միաժամանակ գոհ լինի և՛ Միացյալ Նահանգները, և՛ հարաբերությունները շարունակել Իրանի հետ։ Նրա խոսքով՝ լավագույն լուծումն այն է, որ Հայաստանը պետք է անընդհատ բարձրաձայնի իր և Իրանի հարաբերությունների մասին:

Այս հարցում նա կարևորեց ԱՄՆ-ում հայկական մեծ համայնքի առկայությունը, որը կարող է տեղի իշխանություններին բացատրել, որ Հայաստանը շատ այլընտրանք չունի և նախորդ տասը տարիների ընթացքում, երբ Հայաստանը փորձում էր հարաբերությունները բարելավել Թուրքիայի հետ՝ չստացվեց, և այս հարցում իր մեղքի բաժինն ունի նաև Միացյալ Նահանգները։

«Եթե նախկինում ԱՄՆ-ը հնարավորություն ուներ ճնշում բանեցնել Թուրքիայի վրա հայ-թուրքական հարաբերությունների հարցում, ապա այսօր այդ հնարավորությունը չունի։ Այսօր ցամաքային ճանապարհով Հայաստանի շփումն արտաքին աշխարհի հետ մեր երկու հարևանների միջոցով է՝ Իրանի և Վրաստանի, և ուրեմն մենք Իրանի հետ շարունակելու ենք մեր տնտեսական հարաբերությունները։ Պարզ է, որ այս ընթացքում Հայաստանը միշտ զգույշ է եղել արտաքին հարաբերություններում և այնպես է արել, որ այս կամ այն երկրի հետ հարաբերություններն ուղղված չլինեն որևէ երրորդ երկրի դեմ։ Այսքանը կարող է բավարարել Միացյալ Նահանգներին»,- ասաց Կիրո Մանոյանը և ընդգծեց, որ հայ-իրանական հարաբերությունների պատկերին Հայաստանի իրավիճակը բարդ է, ուստի պետք է այնպես անել, որպեսզի Իրանի հետ սերտացնենք տնտեսական  հարաբերությունները և ԱՄՆ-ի հետ բացատրական աշխատանքներ տանենք։

Խոսելով ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության մասին, թե հայ-իրանական սահմանը դե ֆակտո ամեն պահի կարող է փակվել՝ պայմանավորված ԱՄՆ-Իրան հարաբերություններով և աշխարհաքաղաքական իրավիճակով, Կիրո Մանոյանը շեշտեց, որ այդքան էլ չի հասկացել Ն. Փաշինյանի հայտարարությունը։

«Եթե խոսքը մեր երկկողմ հարաբերությունների մասին է, ապա սահմանի դե ֆակտո փակվելու խնդիր չկա, իսկ եթե խոսքն այն մասին է, որ ԱՄՆ-ը ռազմական գործողություններով այդ հարաբերություններն անհնարին կդարձնի, չնայած չեմ կարծում, որ նման քայլի կդիմի, ապա սա այլ հարց է»,- նշեց Կիրո Մանոյանը։

Մանրամասները՝168.am-ի տեսանյութում

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս