Հայ աշակերտները նոր հաջողություններ են գրանցել միջազգային հարթակում
Հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 2-ը հայ աշակերտների հավաքական թիմը ներկայացրեց Հայաստանը Ուկրաինայի Ռովնո քաղաքում անցկացվող Պատանի քիմիկոսների համաուկրաինական մրցաշարին՝ արժանանալով երրորդ կարգի դիպլոմի։
Այս տարի համաուկրաինական մրցաշարին մասնակցեց 22 թիմ՝ երեք երկրից՝ Հայաստանից, Ուկրաինայից և Մեքսիկայից։
Հայաստանի թիմը կազմված է հինգ անդամից, որոնք ընտրվել էին «Այբ» կրթական հիմնադրամի կողմից անցկացվող Պատանի քիմիկոսների համահայկական մրցաշարի (ՊՔՀՄ) այս տարվա եզրափակիչ դուրս եկած չորս թիմերի անդամներից։ Մեր հավաքականի մասնակցությունը մրցույթին հնարավոր էր դարձել «Այբ» կրթական հիմնադրամի և «Կոնվերս» բանկի աջակցության շնորհիվ։
«Մեր երեխաները փայլեցին։ Մրցաշարի ընթացքում նրանք փորձ հավաքեցին և իրենց բազային գիտելիքների ու պատրաստվածության շնորհիվ կարողացան առավելագույնս լավ ներկայանալ ու ներկայացնել Հայաստանը։ Հուսանք, որ հայ երեխաների մասնակցությունը քիմիային նվիրված միջազգային մրցույթներին կլինի շարունակական»,- նշել է «Այբ» կրթական հիմնադրամի մրցույթների բաժնի համակարգող Նինա Հոբոսյանը, որն ուղեկցում էր երեխաներին մրցաշարի ողջ ընթացքում։
Բացի երրորդ կարգի դիպլոմից՝ Հայաստանի հավաքականի անդամները, մրցելով 100-ից ավելի մասնակիցների հետ, նաև ոգևորիչ և բարձր արդյունքներ են գրանցել իրենց անհատական ցուցանիշներով, մասնավորապես՝ թիմի անդամ Րաֆֆի Շախմուրադյանը ներառվել է լավագույն տասնյակում, ինչպես նաև արժանացել երեք հավաստագրի` մրցաշարին ցուցաբերած մարտական ոգու, արագ արձագանքի և խելացի ընդդիմախոսության, «քիմիա» առարկայի լավ իմացության, ակտիվ բանավեճերի ու քիմիայի վերաբերյալ ընդհանուր գիտելիքների համար։ Թիմի մյուս անդամ Գագիկ Թադևոսյանն արժանացել է անհատական մրցանակի՝ հայկական մշակույթի ողջ կոլորիտը փոխանցելու համար։
«Սա իմ կյանքի ամենահագեցած և հետաքրքիր շաբաթն էր»,- նշել է Միլենա Շուշանյանը՝ խոսելով մրցույթի միջազգային փուլի մասին։
Նշենք, որ «Պատանի քիմիկոսների համահայկական մրցաշար 2018-2019»-ի քառորդ եզրափակիչ փուլը կկայանա ս. թ. դեկտեմբերին, իսկ կիսաեզրափակիչ և եզրափակիչ մարտերը՝ 2019 թ․-ին։
Պատանի քիմիկոսների համահայկական մրցաշարի պաշտոնական կազմակերպիչ՝ «Այբ» կրթական հիմնադրամ:
«ՊՔՀՄ 2017-2018»-ի հովանավոր՝ «Կոնվերս բանկ» ՓԲԸ: