Խաչատուր Սուքիասյանը ԱԺ-ում և գործադիրում հայտնվելու ցանկություն չունի

Գործարար Խաչատուր Սուքիասյանը մտադրություն չունի մասնակցելու Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններին: Պատասխանելով լրագրողի հարցին, թե պատրաստվո՞ւմ է մասնակցել Ազգային ժողովի առաջիկա արտահերթ ընտրություններին, Սուքիասյանը պատասխանեց.

«Ցանկություն չունեմ հայտնվելու Ազգային ժողովում կամ գործադիրում: Ես բավական ժամանակ մտածել եմ ու իմ կարգավիճակը, որն այսօր ունեմ, ինձ համար շատ ավելի ընդունելի է»,- ասաց Սուքիասյանը՝ հավելելով, որ ընտրությունների մասնակցելու առաջարկներ ստացել է, սակայն դրանք մերժել է:

Անդրադառնալով Հայաստանում ներդրումների ներգրավման մասին հարցին՝ գործարարը նշեց, որ ներդրողները նախկինում չեն վստահել իրենց գումարները, որովհետև օրենքն ուժ չի ունեցել:

«Հիմա Հայաստանում օրենքն է որոշում, գրված օրենքները փայլուն են, բայց դրանք չեն կատարվել: Դրանց մի մասը ինչ-որ մարդիկ շրջանցել են, եթե իրենց ձեռք չի տվել և ուժ են ունեցել, իսկ ներդրում կատարողները զգուշավոր մարդիկ են, տեսել են, որ հարթակն այդպիսին է, չեն ուզեցել ներդրումներ կատարել: Իսկ հիմա, երբ օրենքը ուժ ունի, ինստիտուցիոնալ ներդրողների թիմը կմեծանա: Որ պահից ընտրությունները լինեն, Ազգային ժողովը ձևավորվի, ներդրողները կծավալեն իրենց գործունեությունը»,- նշեց Սուքիասյանը:

Տեսանյութեր

Լրահոս