Նիկոլ Փաշինյանին շատ ուժեղ ընդդիմություն է անհրաժեշտ. քաղտեխնոլոգ
Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը կարծում է, որ խորհրդարանում չկար այն շահառու ուժը, որն իսկապես շահագրգռված էր, որպեսզի նոր Ընտրական օրենսգիրքն ամեն գնով ընդունվեր:
«Ցանկության դեպքում օրվա իշխանությունը կարող էր իր բոլոր ռեսուրսներն օգտագործել, ընդհուպ՝ մինչև հանրային ճնշման ռեսուրսը, և անցկացնել նոր Ընտրական օրենսգիրքը, բայց կարծում եմ՝ պրագմատիկ քաղաքական հաշվարկը ցույց տվեց, որ ստանալ մի օրենսգիրք, որի հետ կապված հետո դու կարող ես դրսում խնդիրներ ունենալ, և այն կարող է դառնալ լեգիտիմության աստիճանի նվազման պատճառ, չգնացին այդ քայլին: Երբ դու բարձր լեգիտիմություն ես ստանում, շատերի համար կարող է տարօրինակ թվալ: Քաղաքականության մեջ դա ոչ միշտ է լավ, քանի որ դառնում ես շատ խոցելի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Վիգեն Հակոբյանը:
Նրա խոսքով՝ այսօր Նիկոլ Փաշինյանին շատ ուժեղ ընդդիմություն է անհրաժեշտ:
«Ռեյտինգային ընտրակարգը լավագույն համակարգը չէ, բայց այսօրվա քաղաքական իրավիճակում թույլ է տալիս ունենալ մի ընդդիմություն, որի հետ հետո ցանկության դեպքում կարելի է աշխատել, պետական, համազգային հարցերի շուրջ պայմանավորվել, համագործակցել, քանի որ կան խնդիրներ, որտեղ ընդդիմության դերը կարևոր է, չի կարելի այն թերագնահատել: Շատ դեպքերում սրանով էլ 25-27 տարվա ընթացքում հարցերի տակից դուրս ենք եկել»,- նշեց քաղտեխնոլոգը:
«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանն էլ նկատեց.
«Եթե իսկապես համարում են, որ այս նոր ԸՕ-ը լավն է, մշակութային մակարդակի վրա թող օգտագործեն նորի գործիքները: Հնարավորություններ կան, և, եթե խնդիրը մնալու է ռեյտինգային դաշտում, այդտեղ էլ կան մեխանիզմներ: Թող նստեն, բանակցեն բոլոր քաղաքական միավորները, որոնք մասնակցելու են ընտրություններին: Սովորե՛նք իրար հետ ապրել: Կարող են նաև կոչով դիմել, որ քարոզարշավը կոռեկտ լինի: Նույնիսկ թուղթ թող ստորագրեն, որ պահելու են ճիշտ բառապաշար, ցույց են տալու, որ բոլորս խոսում ենք գրական հայերենով և չենք գնում վատ-վատ բառեր օգտագործելու, որոնք նախկինում ազդել են մարդկային հարաբերությունների վրա: Պայմանավորվե՛ք, արեք, և այն քաղաքական ուժը, որը կնախաձեռնի այս ամենը, ինձ թվում է՝ հնարավորություն կունենա ԱԺ-ում և հայոց պատմության մեջ իր անունը նշել ոսկե տառերով»:
Անի Կարապետյան